Հայ և արտասահմանցի մասնագետները ներկայիս հայկական լրատվական դաշտը թափանցիկ են համարում |armenpress.am|

armenpress.am։ Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամը (IRZ, Գերմանիա)՝ Երևանի մամուլի ակումբի հետ համատեղ կազմակերպել է «Մեդիա հանրույթ. Հայաստան 2019» խորագրով համաժողովը:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին ԶԼՄ-ների թափանցիկության, լավ կառավարման, լրագրողական էթիկայի, մեդիա օրենսդրության և այլ հրատապ խնդիրներ։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը խոսեց Հայաստանում մեդիաների բազմակարծության վերաբերյալ:

«Թավշյա հեղափոխությունից հետո կարող եմ ասել, որ, իսկապես, հայկական մամուլում թափանցիկությունը շատ մեծ է: Լրագրողներն այսօր ազատ են, և կա բավականին մեծ բազմակարծություն»,- նշեց Վենդելբերգերը:

Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի ծրագրերի մենեջեր Ամալիա Վուքերթը վստահություն հայտնեց, որ համաժողովը կհաջողի, և իրենք կկարողանան ավելի լավ աշխատել:

«Երևանի մամուլի ակումբ»-ի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ իրենք նոր են սկսում համագործակցել IRZ կազմակերպության հետ և հույս հայտնեց, որ այն արդյունավետ կլինի:

«Լրատվական դաշտում եղել է մի ժամանակահատված, երբ լճացում է եղել, սակայն այժմ կարծես թե դուրս ենք գալիս այդ վիճակից: Այսօր բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ կան լրատվամիջոցների դաշտը կարգավորելու և բարելավելու համար»,- նշեց Նավասարդյանը և հավելեց, որ հայկական ԶԼՄ-ները սկսել են ավելի թափանցիկ աշխատել:

Սահմանադրական իրավունքի և մեդիա փորձագետ Թոմաս Վիերնին ընդգծեց, որ իրենք նախատեսում են ստեղծել տեղական ԶԼՄ-ների պատասխանատվության բարձրացման իրավական հիմք:

«Ծրագիրը կիրականացվի մինչև սույն թվականի դեկտեմբեր ամիսը: Առաջիկա ամիսների ընթացքում ծրագրի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր, համաժողովներ և սեմինարներ: Դրանք կվարեն գերմանացի մասնագետները:

Ծրագիրը միտված է լինելու հայկական ԶԼՄ-ների համար նոր մեխանիզմներ ստեղծելու, դրանց պատասխանատվության բարձրացմանը, խոսքի ազատության իրականացման հետ կապված հարցերի կարգավորմանը, ինչպես նաև ժողովրդավարական և անկախ լրատվամիջոցների ստեղծմանը»,- ասաց Վիերնին:

Փորձագետն ընդգծեց, որ արդյունավետության համար IRZ-ը հաշվի կառնի Վրաստանում ծրագրի փորձը:

x