Ալիևի արտաքին կապերի պաշտոնյան Chatham House-ում պատմել է, թե ինչ են ակնկալում Ղարաբաղի հարցում |civilnet.am|

civilnet.am: Հուլիսի 11-ին Լոնդոնում՝ Chatham House-ում հյուրընկալվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը և պատասխանել քննարկման մասնակիցների հարցերին։ Commonspace.eu կայքը դրվագներ է ներկայացրել քննարկման «օն դը ռեկորդ» մասից։

Հաջիևը վրդովմունք է հայտնել Հայաստանի իշխանությունների վարքագծի շուրջ։ Ըստ նրա, Բաքուն հույս ուներ, որ Փաշինյանի իշխանության գալը փոխելու է խաղի կանոնները, սակայն փոխարենը ականատես է լինում «մեկ քայլ առաջ և երկու քայլ հետ» գործընթացի:

Նա պնդել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև լուրջ խնդիրներ չկան և երկու երկրների միջև հարաբերությունները բնութագրել է «ռոմանտիկ»: Հաջիևը լավատես է Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկայիս վիճակի վերաբերյալ։ Ըստ նրա՝ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները առաջընթաց են գրանցում, և երեք գլուխներից երկուսն արդեն համաձայնեցվել են, իսկ երրորդ գլխում ընդամենը մի քանի հարց է մնացել։

Ադրբեջանի արտաքին քաղաքական հիմնական երեք նպատակներն են` ամրապնդել երկրի անկախությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը և իրականացնել տարածաշրջանային համագործակցությունը, որոնք այն հետապնդում է, իր բնութագրմամբ, երեք գործիքների միջոցով՝ էներգետիկ դիվանագիտություն, տրանսպորտային դիվանագիտություն և good-offices դիվանագիտություն (ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղությամբ երրորդ կողմերին հօգուտ իրենց ներգրավելու դիվանագիտական գործիքներ):

«Ղարաբաղը Ադրբեջանի համար ևս գոյաբանական խնդիր է»

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Հաջիևը նշել է, որ Դուշանբեում նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ոչ պաշտոնական հանդիպումը դրել է հրադադարի ամրապնդման, թեժ գծերի ստեղծման և էական ու կառուցողական բանակցությունների սկիզբը: Փարիզում արտգործնախարարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «ժողովուրդներին պատրաստել խաղաղության»: Այնուամենայնիվ, ըստ նրա, այդ ժամանակից ի վեր «Հայաստանը ոչ կառուցողական մոտեցում է ունեցել, և դա շարունակվել է Դավոսում, Վիեննայում և Վաշինգտոնում կայացած այլ հանդիպումների ժամանակ»։

Հաջիևի խոսքով, վերադարձ է նկատվում Սարգսյան/Նալբանդյան բանակցային ոճին:
Ըստ Հաջիևի, Բաքուն հույս ուներ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը կփոխեր խաղի կանոնները։ Փոխարենը, նրանք ականատեսն են «մեկ քայլ առաջ և երկու քայլ հետ» գործընթացի: Հայաստանի արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը խաղում էին «լավ ոստիկան, վատ ոստիկան» խաղը, մինչդեռ Փաշինյանը, ըստ նրա, մի օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ բան։

Chatham House-ի փորձագետ Լոուրենս Բրոերսի հարցին ի պատասխան, Հաջիևը նշել է, որ Հայաստանը փորձում է հնարավորինս ձգձգել բանակցային գործընթացը՝ գեղեցիկ, բայց ոչ բովանդակային խոսքերով՝ միաժամանակ փորձելով շփման գիծը վերածել սահմանի։ Ադրբեջանը պնդում էր, որ պետք է հիմնարար բանակցություններ լինեն, որոնք կներառեն հայկական զորքերի դուրսբերման և տարածքների վերադարձման մասին քննարկումներ: Ըստ Հաջիևի՝ դրան զուգահեռ կարող են լուծվել Հայաստանի անվտանգության մտահոգությունները։ Ադրբեջանը պատրաստ է դրան, բայց հայկական կողմը շարունակում է բարձրացնել արհեստական հարցեր` խուսափելու հիմնարար հարցերի շուրջ քննարկումներից:

Պատասխանելով Ղարաբաղյան հարցի փորձագետ և հեղինակ Թոմ դը Վաալի հարցին, թե որն էր Լեռնային Ղարաբաղի հարցում հայերին ուղղված ադրբեջանական առաջարկը, Հաջիևը նշել է, որ ցանկացած երկրի համար տարածքային ամբողջականությունը սրբազան է, և Ադրբեջանը չի կարող թույլ տալ, որ պետություն ստեղծվի իր պետության մեջ: Սակայն Ադրբեջանը նույնպես պատրաստ էր խոսել այն մասին, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը կկարողանա իրականացնել իր ինքնորոշման իրավունքը՝ ադրբեջանական պետության ներսում: Նա ասել է, որ Եվրամիությունում մոդելներ կան, որոնք կարող են դիտարկվել, այդ թվում` Ալտիդ Ադիջեն/ Հարավային Տիրոլը և Ալանդյան կղզիները: Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում կա նաև Նախիջևանի մոդելը: Նա նշել է, որ կարելի էր դիմել այլ երկրների սահմանադրական փորձագետներին՝ օգնելու ճիշտ մոդել մշակել:

Հաջիևը նկատել է, որ Հայաստանի արտգործնախարարը վերջերս ղարաբաղյան խնդիրը Հայաստանի համար որակել էր գոյաբանական: Հաջիևը նշել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի համար ևս գոյաբանական խնդիր է։ Ադրբեջանը չի ցանկանում ժխտել Լեռնային Ղարաբաղի հայերի ապահով և բարեկեցիկ կյանքի իրավունքը: «Մենք պատրաստ ենք քննարկել մանրամասները / գործընթացները»,- ասել է նա:

Ադրբեջան - Վրաստան հարաբերությունները «ռոմանտիկ» են
Բրիտանական LINKS կազմակերպությունից Դենիս Սամմուտը հարց է ուղղել ադրբեջանա-վրացական հարաբերությունների մասին, և այն մտահոգությունների, որ Ադրբեջանը չի կարողացել ճիշտ լուծում տալ սահմանի վրա Դավիթ Գարեջի վանքային համալիրի խնդրին: Հաջիևը նշել է, որ Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները լավ են, նույնիսկ կարելի է դրանք նկարագրել որպես ռոմանտիկ, և իրենք հարգում են միմյանց և հասկանում, որ կախված են միմյանցից:

Հաջիևի խոսքով՝ ադրբեջանական բիզնեսները Վրաստանում ամենախոշոր հարկատուներն են, և ամեն տարի Վրաստան այցելում է 1,6 միլիոն ադրբեջանցի զբոսաշրջիկ: Հաջիևը նշել է, որ իրենք ունեն փոխշահավետ ծրագրեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Անդրանատոլյան գազատարը (Trans-Anatolian Natural Gas Pipeline - TANAP):

Դավիթ Գարեջի վանքի հարցի վերաբերյալ Հաջիևն ասել է, թե չի կարծում, որ այդտեղ խնդիր կա: Ըստ նրա՝ սահմանազատման խնդիրներ կան, և հարցին գոյություն ունեցող պատմական փաստաթղթերի և քարտեզների հիման վրա լուծում տալու համար ստեղծվել է իրավափորձագետների հանձնաժողով։ Նման հարցերը, ըստ Հաջիևի, գոյություն ունեին նույնիսկ Նիդեռլանդների և Բելգիայի միջև: Ադրբեջանցի պաշտոնյան խոստովանել է, որ այդ թեմայով կան «զգացմունքային ձայներ», բայց կարծում է՝ դրանք այժմ հանդարտվել են, ու այժմ և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը հասկանում են իրենց հարաբերությունների ռազմավարական արժեքը:

Ադրբեջանը և Եվրամիությունը

Դենիս Սամմուտը, Մաքս Ֆրասը և Մուրադ Իսմայիլովը մի քանի հարց են ուղղել Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության և ղարաբաղյան հակամարտության շուրջ ԵՄ դիրքորոշման վերաբերյալ:

Հիքմեթ Հաջիևը ողջունել է վերջերս Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Բաքու կատարած այցը՝ այն որակելով ծայրահեղ բեղմնավոր և դրական: Նրա խոսքով, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, քաղաքական և ոլորտային գլուխները փակվել են, այժմ քննարկման ենթակա մնացել է ընդամենը «մի քանի հարց»՝ առևտրի շուրջ: Հաջիևը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Արևելյան գործընկերության բոլոր երկրների, այդ թվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Խոսելով Արևելյան գործընկերության մասին` Հաջիևը նշել է, որ պետք է խուսափել «բոլորին նույն արշինով չափելու» մոտեցումից: Տարբեր երկրներ տարբեր տնտեսական ներուժ ունեն: Ադրբեջանը չի պատրաստվում ԵՄ-ից տնտեսական օգնություն հայցել:

 

Ավելին՝ civilnet.am-ում

x