Տավուշի մարզի տարբեր համայնքներում յոթ նոր Վիքիակումբ է բացվել |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Տավուշի մարզի Գոշ, Լուսահովիտ և Սարիգյուղ համայնքներում, Կիրանցի և Նոյեմբերյանի երկու՝ ավագ և հիմնական, ինչպես նաև Արճիսի դպրոցներում հիմնադրվել են վիքիակումբներ:

Այս մասին տեղեկացնում են «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունից:

Մարզպետ Հայկ Չոբանյանը և «Վիքիպեդիա Հայաստանի» ԳՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը, կարևորելով նորարարական կրթական համակարգերի ներդրումը Տավուշում 2019 թվականի մարտ ամսին ստորագրել են համագործակցության հուշագիր:

Հուշագրի համաձայն՝ «Վիքիմեդիա Հայաստան»-ը պարտավորվում է Տավուշի մարզի ուսուցիչների համար Վիքիպեդիայի դասընթացներ կազմակերպել և օգնել նրանց վիքիակումբների ստեղծման և գործունեության մեջ։ Մարզպետարանը պարտավորվում է ուսուցիչներին խրախուսական հավելավճարներ հատկացնել ըստ իրենց գործունեության մոնիթորինգի։

Գործընթացը սկիզբ է առել մարտի 25-ին, երբ Տավուշի մարզի 35 ուսուցիչ մասնակցեց «Վիքիմեդիա Հայաստան»-ի կազմակերպած Վիքիպեդիայի խմբագրման հնգօրյա դասընթացին։

Համագործության երկրորդ փուլը մեկնարկեց հուլիսի 6-ին, երբ վիքիակումբներ հիմնադրվեցին Գոշ, Լուսահովիտ և Սարիգյուղ համայնքներում, իսկ հուլիսի 13-ին՝ Կիրանցի, Նոյեմբերյանի երկու՝ ավագ և հիմնական, Արճիսի դպրոցներում։
Դպրոցներն ընտրվել են ըստ Վիքիպեդիայում ուսուցիչների ներդրումների։ Դպրոցում վիքիակումբ հիմնադրելու համար անհրաժեշտ է, որ դպրոցի ուսուցիչներից գոնե մեկը տիրապետի Վիքիպեդիայում խմբագրման գործիքներին և շարունակաբար որակյալ ներդրում ունենա։

«Վիքիակումբները կրթական հեղաշրջում կատարելու պոտենցիալ ունեն։ Շատ բնակավայրերում վիքիակումբները աստիճանաբար փոխում են թե՛ աշակերտների և, թե՛ չափահասների մտածելակերպը»,- նշում է «Վիքիմեդիա Հայաստան»-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը և հավելում, որ շատ բան կախված է ակումբի ուսուցիչ-համակարգողից։

Սուսաննա Մկրտչյանն ընդգծում է, որ շատ կարևոր է, որպեսզի ակումբի համակարգողը շարունակական ներդրում ունենա Վիքիպեդիայում, ինչը հնարավորություն կտա նրան ընդլայնել և խորացնել իր մասնագիտական գիտելիքները, դասավանդման նորարարական մոտեցումներ ձեռք բերել և յուրաքանչյուր աշակերտին տարբերակված մոտեցում ցուցաբերել։

x