Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են դատավորներ Արմեն Դանիելյանին եւ Դավիթ Գրիգորյանին |news.am|

news.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Այս մասին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպաններն Արմեն Դանիելյանից պահանջում են առաջին ատյանի դատարանին վերադարձնել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը, իսկ Դավիթ Գրիգորյանից պահանջում են՝ Վերաքննիչ ատյանից հետ պահանջել քրեական գործի նյութերը և քննություն իրականցնել՝ անկախ նյութերը ստանալուց, քանի որ գործի նյութերը պաշտպաններն արդեն իսկ էլեկտրոնային կրիչով տրամադրել են դատարանին։

Խուդոյանը նշեց, որ իրենք դիմումը Դավիթ Գրիգորյանին էին ներկայացրել նախքան նրա՝ արձակուրդ մեկնելը, սակայն մինչ այժմ դրա վերաբերյալ արձագանք չեն ստացել։
Բանն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանի՝ հունիսի 25-ի որոշումից հետո Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում նիստի օր չի նշանակվել։

Ավելի ուշ պարզ դարձավ նաեւ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում նախագահությամբ պետք է վերսկսվի գործի քննությունը, արձակուրդում է։ Այս ընթացքում Քոչարյանի պաշտպանները մի քանի անգամ խնդրել են Դավիթ Գրիգորյանին հրատապ նիստ նշանակել, սակայն արձագանք չեն ստացել։

Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։

Քոչարյանը երրորդ անգամ կալանավորվել է հունիսի 25-ին. Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ որոշել էր կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։

x