Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը |armenpress.am|

armenpress.am: Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության մեջ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ հնչեցրած նկատառումներին:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վենետիկի հանձնաժողովի նկատառումները՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց. «Նախ հարցին արդեն իսկ անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարությունը: Նշեմ նաև, որ հրապարակվածը համարում եմ ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար: Մենք պետք է նաև հասկանանք, թե ինչպես է ներքին խորհրդապահական փաստաթուղթը հայտնվել մամուլում: Մենք կփորձենք Վենետիկի հանձնաժողովում մեր ներկայացուցիչների միջոցով պարզել այդ հանգամանքը և անել համապատասխան հետևություններ: Ինչպես հայտնի է՝ Վենետիկի հանձնաժողովը որևէ երկրի կամ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնում է հայտարարությունների և պաշտոնական նամակների կամ գրությունների միջոցով և դա արել էր մայիսի 22-ին՝ վարչապետին հղած նամակով:

Ուզում եմ նաև ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մշտական կապի և արդյունավետ համագործակցության մեջ է Վենետիկի հանձնաժողովի գործընկերների հետ և կարևորում է երկկողմ փոխգործակցությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում»:

x