Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել. ըստ մեղադրանքի՝ նա գործարարից 10.000.000 եվրո գումար է պահանջել |armtimes.com|

armtimes.com:  Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին եւ նրա ընկերոջը երեկ մեղարդանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առնանձապես խոշոր չափերով շորթում):

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ըստ քննության տվյալների՝ Նարեկ Կարապետյանը բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 10.000.000 եվրո գումար:

Նարեկ Կարապետյանի եւ նրա ընկերոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Օրեր առաջ ՀԺ-ի հետ զրույցում գործարար Վահե Պարազյանը պատմել էր, որ օրեր առաջ Նարեկ Կարապետյանն իր թիկնապահներով ծեծի է ենթարկել իրեն:

Գործարար Վահե Պարազյանի հայրը՝ Աշոտ Պարազյանը, Սամվել Կարապետյանի հետ ժամանակին աշխատել է Ռուսաստանում, զբաղվել է վերջինիս խոշոր բիզնես-ծրագրերով: Տարիներ առաջ նրանց միջեւ Աշոտ Պարազյանի որդու՝ Վահե Պարազյանի բիզնես գործունեության հետ կապված կոնֆլիկտ է եղել: Այդ ժամանակ թե՛ Վահե Պարազյանի ընկերությունը, թե՛ Կարեն Կարապետյանի ընկերությունը հաճախ մասնակցել են ռուսական «Գազպրոմի» տենդերներին:

Հակասությունների արդյունքում Աշոտ Պարազյանը հրաժարականի դիմում է գրել եւ խզել կապերը «Տաշիր» ընկերության սեփականատիրոջ հետ: Այդ ժամանակից ի վեր երկու ընտանիքների միջեւ սուր հակասությունները միայն խորացել են: Բանը հասել է նրան, որ Պարազյանների ընտանիքը տեղափոխվել է Երեւան՝ հույս ունենալով, որ հատկապես թավշյա հեղափոխությունից հետո Կարապետյանների ազդեցությունը ՀՀ-ում շեշտակի թուլացել է, եւ նրանց ձեռքերն այստեղ չեն հասնի:

Պարազյանների՝ Հայաստան տեղափոխվելուց շուրջ մեկ տարի անց հին հաշվիները սկսել են զգացվել: Օրեր առաջ, Վահե Պարազյանի պնդմամբ, Նարեկ Կարապետյանն իր թիկնապահներով Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող ու Կարապետյաններին պատկանող «Սիզնս» սրճարանում ծեծի է ենթարկել իրեն՝ պահանջելով խոշոր չափի գումար: Կարապետյանները վստահ են, որ Վահե Պարազյանն ու իր հայրը դեռեւս Ռուսաստանում միասին աշխատած ժամանակներից իրենց խոշոր գումար են պարտք, ու փորձում են «ստանալ» այն, բայց դա ձգտում են անել հայրենասիրական փաթեթավորմամբ:

Վահե Պարազյանը մեր հետ զրույցում պատմել էր, որ իրեն վախեցրել ու ասել են, որ գումարը պետք է փոխանցի Սամվել Կարապետյանի կամ նրա հարազատներից մեկի անունով բացված հիմնադրամի հաշվեհամարին, քանի որ Արցախին «գրեֆ են անելու». «Խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերջինս ծեծի ենթարկվելուց հետո դիմել է իրավապահներին:

x