Ալավերդցի մտավորականները՝ Սուքիասյան ընտանքին պատկանող բանկի դեմ

hetq.am:  Երեկ Ալավերդիի մի խումբ մտավորականներ բողոքի ակցիա էին կազմակերպել «Հայէկոնոմբանկի» Ալավերդիի մասնաճյուղի առաջ:

Մտավորականները բողոքի ակցիային ներկայացել էին «Սուքիասյաններ, հանգիստ թողեք ալավերդցիներին» և ««Հայէկոնոմբանկ», ձեռքդ հեռու տար պատկերասրահից» կոչերով: Բողոքի ակցիայի առիթ էր դարձել նաև այն փաստը, որ նախօրեին ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը իր ենթականերին հրահանգել էր Ալավերդու պատկերասրահի նկարները տեղափոխել ազգային պատկերասրահ:

«Ազգային պատկերասրահի ղեկավարը միայն Արման Ծատուրյանը չէ: Այնտեղ կան էլի աշխատողներ: Եթե պատկերասրահի տնօրենն անհիմն հրահանգ է տալիս, այն կատարող մարդիկ տեսնում են, որ դա անհիմն հրահանգ է՝ չեն կատարում: Տնօրեն Արման Ծատուրյանի առաքելությունը գեղանկարչությունը մեր ժողովրդին մատուցելն է, ոչ թե վերացնելը»,- ասում է Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը: Վերջինիս խոսքով Ալավերդու պատկերասրահը ազգային պատկերասրահի 13 մասնաճյուղերից լավագույնն է: Այս առումով էլ Ռ. Ջավախյանը Ալավերդու պատկերասրահի փակելը անթույլատրելի համարեց:

«Եթե այս վիճակում հանձնարարվում է մեր պատկերասրահի նկարները տեղափոխել ազգային պատկերասրահ, էլ պատկերասրահը փակելը ոնց է լինում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն 19 տարի շարունակ ամեն ինչ անում է Ալավերդու պատկերասրահի շենքը յուրացնելու համար: Դրա պատճառն ընդամենն այն է, որ շենքի դիրքը ի սկզբանե դուր է եկել «Հայէկոնոմբանկի» սեփականատերերին՝ Սուքիասյանների ընտանիքն: Շենքը գտնվում է Ալավերդու կենտրոնական՝ Թումանյան փողոցում: Կառավարության 1997թ. մարտի 14-ի N 51 որոշմամբ ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի նախկին Կախոյան 7, ներկայում Թումանյան 44 հասցեում գտնվող շենքը, որպես պատկերասրահ այսօր էլ համայնքի սեփականությունն է:

Սուքիասյաններին հաջողվել է շրջանցել Կառավարության որոշումը և Ալավերդու Քաղառի վարկային պարտքի դիմաց , շինծու փաստաթղթերով զավթել պատկերասրահի ամբողջ տարածքը: «Հետք»-ի հրապարակումից հետո Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում 2018թ.-ի դեկտեմբերի 31-ին քրօրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը: Արդեն 8 ամիս է քրեական գործը գտնվում Թումանյանի քննչական մարմնում, սակայն Սուքիասյաններին հաջողվել է ձգձգել գործի վարույթը: Մյուս կողմից նրանք պատկերասրահի շենքը վերջնականապես յուրացնելու համար ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի միջոցով փորձում են ընդհանրապես փակել Ալավերդու պատկերասրահը: Ալավերդու պատկերսրահի ճակատագրի մասին Կառավարության տեսակետը պարզելու համար այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ: Վերջինս խնդրել է իրեն ուղարկել Ալավերդու պատկերասրահի մասին «Հետք»-ի հրապարակումները:

«Ալավերդի քաղաքում 5 բանկ է գործում: Բանկերի թիվը շատ է մեր քաղաքի բնակչության քանակի դեպքում, ավելի լավ է բանկերից մեկը՝ «Հայէկոնոմբանկը» փակվի, իսկ մեր քաղաքի բնակչության համար խիստ անհրաժեշտ պատկերասրահը իր շենքում հանգիստ գործի»,- ասաց Ալավերդու համայնքային թատրոնի ղեկավար Հրաչյա Պապինյանը:

«Հայ ազգին ոչնչացնելուց առաջ մեր թշնամիները նախ ոչնչացրել են մեր հոգևոր արժեքները: Հիմա մեր քաղաքի կարևոր հոգևոր արժեքներից մեկը ոչնչացվում է բանկիր Սուքիասյանների կողմից: Պատկերասրահն այսօր դարձել է մեր Աքիլեսյան գարշապարը: Կառավարության թողտվությամբ քայլ առ քայլ պատկերասրահի շենքը հանձնվում է մեծահարուստ բանկիրներին: Մեր նախազգուշական այս բողոքը տեղ չհասնելու դեպքում, պետք է ոտքի հանենք ամբողջ Ալավերդին»,- ասաց դերասանուհի Սիլվա Նազարյանը:

Նա կոչ արեց ալավերդցիներին մարտնչել պատկերասրահի շենքի համար և «Հայէկոնոմբանկի» հետ ընդհանրապես որևէ գործարք չկատարել:

«Հիմա մենք պետք է պայքարենք մինչև վերջ, որովհետև այսօր կամ վաղը մշակութային մեր գեղեցիկ օջախ վերանալու է: Պատկերասրահը հեշտ չի ստեղծվել Ալավերդիում: Բայց Սուքիասյանների նման մարդկանց կողմից, այն վերացնելը կարող է շատ հեշտ լինել»,- ասաց դերասան Արթուր Սիմոնյանը:

 

Շարունակությունը՝ hetq.am

x