Դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումն արձանագրելու վերաբերյալ դատական ակտերը |hetq.am|

hetq.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատախազությունը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան: 

Նշենք, որ առաջին ատյանի երկու դատավորներ, քննելով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքները, գտել են, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են նրանց իրավունքները: Դատախազությունը, սակայն, համարում է, որ թե՛ Արմեն Գևորգյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումներն օրինական են:

Նշենք, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքն առաջին ատյանի դատարանում քննել է դատավոր Ռոբերտ Պապոյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանի բողոքը քննել է դատավոր Աննա Դանիբեկյանը: Արձանագրելով Գևորգյանի և Քոչարյանի իրավունքների խախտման փաստը` երկու դատարաններն էլ վարույթն իրականացնող մարմնին չեն պարտավորեցրել վերացնել խախտումը, քանի որ դատական ակտիերի հրապարակման պահին ՀՔԾ-ն այլևս վարույթն իրականացնող մարմինը չէր. Գևորգյանի և Քոչարյանի վերաբերյալ գործն ուղարկվել էր դատարան:

Արմեն Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ դատարանում դատախազության բողոքի գործը մակագրվել է դատավոր Կարեն Մարդանյանին: Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանից էլ տեղեկացանք, որ Քոչարյանի գործով բողոքը մակագրվել է դատավոր Արսեն Նիկողոսյանին:
Նշենք, որ գույքի վրա կալանք դնելու որոշման պահին Արմեն Գևորգյանը մեղադրվել է միայն արդարադատության իրականացնմանը խոչընդոտելու, իսկ Ռոբերտ Քոչարյանը` սահմանադրական կարգ տապալելու մեջ, հետագայում Արմեն Գևորգյանի` արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքը փոփոխվել է սահմանադրական կարգի տապալման օժանդակության, նրան մեղսագրվել է նաև կաշառք ստանալու և փողերի լվացման արարք:

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման պահին նա մեղադրվել է միայն սահմանադրական կարգի տապալման մեջ: Նրա մեղադրանքը ևս հետագայում լրացվել է կաշառք ստանալու հոդվածով:

Գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքներում նրանց պաշտպանները նշել են, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կամ սահմանդրական կարգ տապալելու հոդվածները չեն նախատեսում գույքի բռնագրավման կամ բռնագանձման լրացուցիչ սանկցիա, հետևաբար ՀՔԾ-ն չէր կարող նրանց մեղադրանք առաջադրելու պահին նրանց գույքի վրա կալանք դնել, դատախազությունը, սակայն, նշում է, որ գույքի վրա կալանք կարող էր դրվել նաև հնարավոր դատական ծախսերըն ապահովելու և օրենքով նախատեսված այլ հիմքերով:

x