Ճանապարհային ոստիկանության գումարը քչացել է, քանի որ համակարգային կոռուպցիա չկա. Հարությունյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից որոշվել է, որ ըստ անհրաժեշտության եւ ամենայն հավանականությամբ ամիսը մեկ անգամ իրեն կից կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ բացի պատկան մարմիններից՝ ճանապարհատրանսպորտային թեմաներով քննարկումներին մասնակից կլինեն նաեւ քաղհասարակության ներկայացուցիչները: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Գաբրիելյանի խոսքով՝ նման մեկ հանդիպում արդեն կայացել է, որն անցել է բավական արդյունավետ մթնոլորտում։

«Հույս ունեմ, որ նման հանդիպումների ժամանակ կկարողանանք մշակել առավել երկարաժամկետ կտրվածքով ճանապարհային անվտանգության հայեցակարգ եւ ռազմավարություն։ Կայացած հանդիպման ընթացքում վարչապետի կողմից ներկայացվել է այն բարեփոխումների ծրագիրը, որն առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կառավարությունը եւ խորհրդարանը նախաձեռել են։ Խոսքը բալային համակարգի մասին է»,- ասաց Գաբրիելյանը։

«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Պողոս Շահինյանը նշեց, որ վարորդական բալային համակարգը պատժի միջոց է, որով մարդը կարող է զրկվել վարորդական իրավունքից՝ չկարողանալով համապատասխան ժամկետում ավտոմեքենա վարել:

«Միաժամանակ, ամբողջ հասարակությունով ասես ընկել ենք վարորդների հետեւից։ Վարորդներն իրենց հերթին բողոքում են հետիոտներից։ Դրա համար ճանապարհները պետք է նախատեսված լինեն այնպես, որ վարորդի՝ սխալ թույլ տալու դեպքում հետեւանքները ծանր չլինեն։ Դրա համար կան, օրինակ, «պառկած ոստիկաններ», բայց դրանք բավարար չեն։ Մենք վարչապետին համալիր մոտեցումներ ենք առաջարկել»,- ասաց Շահինյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական կամքի բացակայության պարագայում ճանապարհատրանսպորտային բնագավառի խնդիրները չեն կարող կարգավորվել։
Շահինյանը հիշեցրեց, որ ամեն տարի վթարների պատճառով ամբողջ աշխարհում զոհվում է շուրջ 1.3 միլիոն մարդ, ընդ որում՝ զոհերի մեջ մեծ թիվ են կազմում երեխաները։

Ֆեյսբուքյան «Մի՛ արեք այսպես» խմբի հիմնադիր Լեւոն Հարությունյանն ասաց, որ մեր գլոբալ խնդիրն այն է, որ ավտոճանապարհներին այսօր անպատժելիություն է տիրում ու դրա համար էլ վիճակն այսպիսին է:

«Ճանապարհային ոստիկանությունը պետք է մոտիվացվի, որպեսզի ավելի լավ աշխատի։ Հիմա իրենց գումարը քչացել է, քանի որ համակարգային կոռուպցիա չկա։ Նրանք մնացել են աշխատավարձի եւ այն բենզինի հույսին, որ ստանում են պետությունից։ Իսկ ստանում են օրական 10 լիտր, ինչը շատ քիչ է։ Եթե ճանապարհային ոստիկանն օրինազանց վարորդի ցանկանա բռնել, կարող է ծախսել 6-7 լիտր բենզին, ինչից հետո ստիպված պետք է կանգնի»,- ասաց Հարությունյանը։

Հարությունյանը նշեց, որ իրենք առաջարկում են վիճակագրություն վարել, թե որ փողոցում հատկապես ինչ խախտումների հետեւանքով են մահացության դեպքեր գրանցվում։ Հարությունյանը քիչ հավանական է համարում, որ Երեւանում արագության սահմանափակման արդյունքում զոհերի թիվը կնվազի։

x