Կոտայքի մարզպետը դիմել է դատարան` Նոր Գեղիի 18 փողոցները նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով |hetq|

hetq.am: Կատայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 4 տարի առաջ կայացրած որոշումը, համաձայն որի՝ համայնքի մի շարք փողոցներ անվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ Նոր Գեղի համայնքի ավագանու անդամները 2015 թվականի մարտի 24-ի որոշմամբ՝ համայնքի թվով 18 փողոցներ վերանվանվել են Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Կոմիտասի, Չարենցի, Հրանտ Մաթևոսյանի, Առնո Բաբաջանյանի, Թումանյանի և այլ հայտնի անձանց անվամբ փողոցների կողքին Ֆրոնտիկ Թևոսյանի անունը կրող փողոցներն են՝ Ֆրոնտիկ Թևոսյանի 1-ից մինչև 8-րդ փակուղի, Ֆրոնտիկ Թևոսյանի 1-ին նրբանցքից մինչև 9-րդը, Ֆրոնտիկ Թևոսյանի 6-րդ նրբանցք, 1-ին փակուղին:

Փողոցները Թևոսյանի անունով անվանափոխելու ավագանու որոշումն ընդունվել է 11 կողմ, 0 ձեռնպահ և 0 դեմ ձայներով:

Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքի ղեկավարն է եղել՝ սկսած 1985 թվականից, և պաշտոնից ազատման դիմում է գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:
Նշենք, որ Կոտայքի մարզպետի հարցադիմումը դատարան է ստացվել հուլիսի 8-ին և մակագրվել դատավոր Արթուր Ծատուրյանին: Գործով դեռևս դատական նիստ չի նշանակվել:

x