Խնդիրն այն չէ, որ չենք ուզում ձրի ջուր տալ. վարչապետ |a1plus.am|

a1plus.am: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ոռոգման խնդրին, ասաց, որ ահազանգեր են լինում գյուղացիների կողմից՝ ոռոգման ջրի խնդրի հետ կապված:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով խնդրին, որպես օրինակ ներկայացրեց Քաղցրաշեն համայնքի խնդիրը:
«Կան դեպքեր, երբ ջուրը համայնքում առկա է, ընկերությունը պատրաստ է տրամադրել ջուր, սակայն ջրօգտագործողները չեն պատրաստվում ստորագրել պայմանագրերը, ասում են՝ չենք ուզում դրա դիմաց վճարել»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Վարչապետն էլ առաջարկեց բնակիչներին ճիշտ ներկայացնել իրավիճակը.
«Խնդիրը ոչ թե այն է, որ մենք չենք ուզում իրենց ձրի ջուր տալ, այլ այն է, որ եթե մենք մեկ, երկու, երեք տարի ձրի ջուր տանք իրենց, հաջորդ տարի էլ ընդհանրապես ջուր չի լինի: Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում» ,-ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ համակարգում արդեն իսկ ունենք 20 միլիարդ դրամ պարտք:

x