Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ` Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին «Հետքը» տեղեկացավ դատարանից:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, հունիսի 3-ին, քննելով Վահագն Հարությունյանի խափանման միջոցի հարցը, որոշել է մերժել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Դատարանի որոշումը բողոքարկել է և՛ դատախազությունը, և՛ Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Դատախազությունը պահանջում է բեկանել քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Վահագն Հարությունյանի պաշտպանը բողոք է ներկայացրել, քանի որ համամիտ չէ դատական ակտում առկա որոշ ձևակերպումների և ներկայացված որոշ փաստական հանգամանքների հետ:

Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ: Արդեն 8 ամիս է, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: Այս ընթացքում Հայաստանի դատարաններում մի քանի անգամ քննվել է նրա խափանման միջոցի հարցը, առաջին ատյանի երկու դատարաններ նրան կալանավորելու որոշում են կայացրել, սակայն վերաքննիչ դատարանում այդ դատական ակտերը բեկանվել են:

Վերաքննիչ քրեական դատարանը դատախազության և Միհրան Պողոսյանի բողոքների գործով որոշումը կհրապակի վաղը՝ հուլիսի 19-ին:

x