Ի նշան բողոքի փակել են Վանեցյանի և Օսիպյանի ճանապարհը |news.am|

news.am: Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո իջևանցիները ի նշան բողոքի փակել էին Իջևանից Երևան տանող ճանապարհը՝ փորձելով թույլ չտալ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին անցնել։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին երեկ իջևանցիների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց ազատ արձակել։

Ոստիկանները միջամտեցին, որպեսզի ճանապարհը բացեն։ Մեծ թվով ոստիկաններ էին կենտրոնացել ճանապարհահատվածին։

Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհահատվածը, այն ամբողջությամբ բաց չէր, բայց մեքենաները կարողանում էին անցնել։

Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում էին երեխաները։

Իջևանցիներից մեկը հակադարձեց ԱԱԾ տնօրենի այն պնդմանը, թե ակցիաները «փայտի բիզնեսով» զբաղվող անձինք են կազմակերպել, նշեց իրենք աշխատանք են ուզում. «Ես չեմ ուզում փայտի բիզնեսով ապրեմ, ուզում եմ օրական 5000 դրամ աշխատավարձ ստանամ, ապրեմ։ 6 ամիս է զորացրվել եմ, աշխատանք չկա»։

Այս պահին ճանապարհահատվածը բաց է։

x