«Գոլդեն Փելես»-ի նվիրատվությունը պետությանը մի քանի շաբաթվա հարց է. Նարեկ Բաբայան |armtimes.com|

armtimes.com։ Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո դեռեւս վերջնական հստակեցված չէ, թե ինչ է լինելու նախկին նախարարությունների շենքերի եւ զբաղեցրած տարածքների հետ: Այս մասին ասաց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ որոշման նախագիծը կա, շրջանառվել է, սակայն կան որոշ դետալներ, որոնք դեռ վերջնական համաձայնեցված չեն:

Հարցին՝ ի՞նչ է նախատեսվում անել այդ տարածքները, Բաբայանը պատասխանեց. «Նախատեսվում է, որ բոլոր այն նախարարությունները, որոնք միավորվել են, աշխատակազմերը նստելու են նույն շենքում»:

Անդրադառնալով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի՝ Ծաղկաձորում գտնվող «Գոլդել Փելես» հյուրանոցին, որը Ավետիսյանը պետք է նվիրեր պետությանը, Բաբայանն ասաց. «Արմեն Ավետիսյանի նվերն ընդունելու որոշման նախագիծը շրջանառվում է եւ երբ ընդունվի՝ կիմանաք, որ ընդունվեց եւ եկավ մեր հաշվեկշիռ, դա շուտով կլինի»:

Բաբայանն ասաց, որ նախարարությունների շենքերի հարցը մի քանի շաբաթում պետք է լուծվի. «Գոլդեն Փելես»-ի նվեր ընդունելը նույնպես մի քանի շաբաթվա հարց է»:
Խոսելով Գեներալ Մանվել Գրիգորյանի՝ «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության նվիրատվության մասին, Բաբայանն ասաց, որ այդ հարցով դեռեւս փոփոխություն չկա: 

x