Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը կաջակցի Շիրակի, Լոռու և Սյունիքի փրկարար ծառայություններին․ ԱԻՆ

Մարտի 26-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի հայաստանյան պատասխանատու Մուրաի Հիրոմիցուին:

Հանդիպման նպատակն էր քննարկել «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» եռամյա ծրագիրը և «Հակահրդեհային սարքավորումների բարելավման» ծրագրի ընթացքը և կազմակերպումը:

Նախարարը կարևորել է Ճապոնիայի միջազգային գործակալության հետ ԱԻՆ բազմակողմանի համագործակցությունը: Նրա խոսքով՝ իրականացվող ծրագրերի հիմնական նպատակն աղետների ռիսկերի նվազեցման միջոցառումներն են, ինչպես նաև՝ հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը:

Մասնավորապես՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում նախատեսված միջոցառումների առաջին փուլով փրկարար ծառայության՝ Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզային վարչություններին (ՄՓՎ) կտրամադրվի գույքային օժանդակություն, ինժեներային տեխնիկա, ինչի շնորհիվ հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել ինժեներափրկարական աշխատանքներ: Շիրակի և Լոռու ՄՓՎ-ներին կտրամադրվի 5-ական հրշեջ մեքենա և մեկական շարժասանդուղք, իսկ Սյունիքի ՄՓՎ-ին 4 հրշեջ մեքենա և մեկ շարժասանդուղք:

Մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է իրականացնել մայիսի 6-ին:

Մուրաի Հիրոմիցուն նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը կարևորում է ճգնաժամների կառավարման հարցում ՀՀ-ի հետ համագործակցությունը  և առաջարկել օգտվել Ճապոնիայի՝ աղետներին դիմակայելու հարուստ փորձից:

x