ԲԴԽ–ը նորընտիր նախագահն արձագանքեց Փաշինյանի՝ «դատավորները տեր են փնտրում» հայտարարությանը |news.am|

news.am: Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ հանդես կգա Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում դատական համակարգի անկախության, դատավորների կողմից «տեր փնտրելու» հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19–ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲԴԽ նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

«Այս պահին ԲԴԽ-ն հայտարարություն է նախապատրաստում դրա վերաբերյալ»,–ասաց նա։

Լրագրողները հիշեցրեցին, որ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների հրաժարականի վերաբերյալ մայսիսի 20–ի հայտնի հայտարարությունից հետո նա միակ դատավորն է եղել, որ ասել է պատրաստ է հրաժարական տալ, ապա հետաքրքրվեցին, թե այդ ժամանակ ունե՞ր հեռահար նպատակներ ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ։

«Ես պայծառատես չեմ, ես նույնիսկ Դատավորների ընդհանուր ժողովի օրը վստահ չէի՝ ինձ քվե կտա՞ն, թե՝ ոչ: Ես շատ հպարտ եմ, որ իմ կոլագենրը ինձ վստահել են այս բարձր պաշտոնը ստանձնելու համար»,- պատասխանեց Վարդազարյանը:

x