Ստերջացված շների սպանդ Էջմիածնում․ ահազանգում են կենդանասերները

Օրերս համացանցում տարածվեցին Էջմիածին քաղաքում հրազենից սպանված շների լուսանկարներ։ «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարվա փետրվարից իրենք Էջմիածնի քաղաքապետարանի հետ միասին սկսել են շների ստերջացման լայնամասշտաբ ծրագիր, սակայն սպանված շների մեջ կան նաև ստերջացված շներ։

«Էջմիածնում շատ կենդանասերներ կան։ Երկու օր է ահազանգում են, որ սպանած շներ են գտել։ Մենք գնացինք և մեկը դեռ չէր մահացել, վերցրեցինք մեզ հետ։ Այսօր էլ ահազանգ եղավ, որ էգ մայր են կրակել նորածին ձագերով»,- ասաց նա։

Գոհար Մանուշակյանի խոսքով՝ անհետացել են 15-30 հատ ստերջացված շներ։ Էջմիածնի քաղաքապետարանը խնդրին ծանոթ է և երեկ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։

«Քաղաքապետարանը ևս մեզ նման տեղյակ չէ, թե ովքեր են սպանդը կազմակերպում։ Միայն տեղյակ ենք, որ դա անում են արծաթագույն, առանց համարանիշների «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով՝ առավոտյան մինչև 7-ը ընկած ժամանակահատվածում։ Վստահորեն դա անհատների նախաձեռնություն է։ Ես երկու տարբերակ ունեմ, թե ովքեր կարող են լինել․ առաջինը՝ կա ֆեյսբուքյան էջ «Էջմիածինցիներ», որտեղ նորաթուխ մամաներ կան, ովքեր գրառումներով հրահրում են իրավիճակը և ասում են, թե պետք է սպանել կենդանիներին։ Երկրորդը մի այլ մասսա կա, որոնք քաղաքապետին դեմ են և միշտ ինչ-որ ակցիաներ են կազմակերպում»,- ասում է Գայանե Մանուշակյանը։

Այս տարվա ստերջացման առաջին պիլոտային ծրագրի արդունքում Էջմիածնում ստերջացվել է 94 շուն։ Գայանե Մանուշակյանը նշում է, որ ծրագրից հետո բնակիչները բավականին փոխել են իրենց վերաբերմունքը շների հանդեպ։

Այսօր թեմային անդրադարձել է նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը, նշելով, որ երեկվանից ակտիվ կապի մեջ է ոստիկանների հետ՝ մեղավորներին բացահայտելու համար։

«Ցավով տեղեկացա, որ սպանդի զոհ են դարձել նաև քաղաքապետարանի ծրագրով ստերջացված շները, որոնք բոլորովին անվնաս են և երբևէ չեն հարձակվում բնակիչների վրա: Հուսով եմ, որ կարճ ժամանակում մեղավորները կհայտնաբերվեն, և նոր դեպքերը կկանխվեն»,- գրել է քաղաքապետը։

Նշենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

«Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

 

Աստղիկ Գաուդյան

x