Ինչպես է հայ հասարակությունը մերժելով խրախուսում բռնությունը |forrights.am|

forrights.am: Զառա Հարությունյանը ռուսաստանաբնակ հոգեբան է, ով մասնագիտացված է ընտանեկան բռնության ոլորտում։ Նրան շատերը սկսեցին ճանաչել Խաչատուրյան քույրերին սատարող ակցիաներից, որոնց միջոցով Զառան նաև իրազեկում է մարդկանց բռնության մասին։ Forrights.am-ը զրուցել է հոգեբանի հետ Հայաստանում բռնության մշակույթի, դրա ընկալման ու երեխաների դաստիարակության հայկական ձևերի մասին։

-Ինչո՞ւ է բռնությունը հայ հասարակությունում ընկալվում կամ որպես նորմա կամ որպես հորինված ինչ-որ երևույթ։

-Բռնությունը, ընդհանրապես, շատ նորմալ երևույթ է մարդու համար, մենք բոլորս մեր ներսում հակված ենք բռնության, բոլորս էլ ինչ-որ երևույթներից ավելի ագրեսիվ ենք դառնում։ Բայց ինչպես ցանկացած բնազդային վարք, այնպես էլ ագրեսիան, պետք է կառավարել, հենց դրանով էլ մարդը տարբերվում է կենդանիներից՝ նրանով, որ բանականություն ունի։

Շատ կարևոր է, որ մարդիկ տարանջատեն վաղեմի ավանդույթներն ու սովորույթները առօրեական շփումից և հարաբերություններից։ Այսօր հայ հասարակությունը կարծես չի տարանջատում դրանք։ Երբ մայրը երեխային փողոցում ծեծում ու վիրավորում է, դա ազգային մշակույթ կամ ավանդույթ չէ, ու երեխան էլ դրանից հետո լավ մարդ չի մեծանալու։

Երբ մարդը սկսում է բացահայտել իր համար սարսափելի իրողություններ, պաշտպանողական ռեֆլեքսները չեն թողնում որպեսզի մարդ ընկալի ու հասկանա դրանք։ Մարդկանց մեծ մասը չի էլ ցանկանում իմանալ հասարակությունում առկա վատ երևույթների մասին ու գերադասում է ապրել իր հարմարավետ քառակուսու մեջ։ Այս առումով պապերից ժառանգած ավանդույթների գաղափարը շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր վախենում են զարգանալ ու նոր իրողությունների հետ առերեսվել։

«Մեր մեծերն այսպես են արել, ուրեմն դա ճիշտ է»,- այսպես են մտածում այդ մարդիկ, իսկ ուրիշները մտածում են՝ արդյո՞ք իրենք պապերն ու ծնողները դաստիարակության ճիշտ մոդել են կիրառել ու սկսում են մտածել՝ այդ ավանդույթները ճիշտ էին, թե՞ ոչ։

-Իսկ ինչո՞ւ Հայաստանում չկա այդ սոցիալական վերահսկողության ձևը, ինչո՞ւ է հասարակությունը լուռ համաձայնություն տալիս բռնության տարբեր դրսևորումներին, փոխարենը մերժելու ու պայքարելու դրանց դեմ։

-Ես ունեմ մի քանի բացատրություն, որոնք սակայն ավելի շատ գնում են դեպի անթրոպոլոգիայի և սոցիոլոգիայի դաշտեր և շատ քիչ են առնչվում հոգեբանության հետ, քանի որ հասարակության կառուցվածքը շատ ավելի դժվար է քան մեկ մարդու հոգեբանությունը։

Մեզ միշտ սովորեցնում են, որ չի կարելի հակառակվել ծնողներին ու մեծերին, հղում են անում ավանդույթներին ու նման շատ այլ հիերարխիկ մոդելների, որոնց պատճառով բռնության ենթարկվող անձը ճնշված է մնում։ Երեխաներին փոքրուց զրկում են կամքից ու որոշումներ կայացնելու ունակությունից և հետո զարմանում, երբ պարզվում է, որ մոտ ազգականներից մեկը սեռական բռնության է ենթարկել երեխային։ Մեծերին լսելը բացարձակ ճշմարտություն դարձնելով այսօր տեսնում ենք դրա հակառակ կողմը՝ բազմաթիվ սեռական բռնության դեպքեր հենց ընտանիքի ներսում, ինչը սրասափելի է։

-Կարծիք կա, որ բռնությունն առավելապես առկա է սոցիալապես անապահով ընտանիքներում։

-Այս «տեսությունը» ես արժանահավատ չեմ համարում, քանի որ հստակ տվյալներ ու վիճակագրություն չկա։ Բայց ես իմ փորձից ելնելով հակված եմ համարել, որ սոցիալական դրությունը ընդհանրապես կապ չունի, այստեղ զուտ հարաբերությունների, մարդու ունեցած օրինակի ու փորձի հարցն է։ Եթե մարդը սովոր է բռնության կամ կարծում է, որ իր կինը կամ երեխան իր սեփականությունն են, ապա նա կդիմի բռնության ամեն պարագայում և կապ չունի այդ մարդը հարուստ է, թե աղքատ։ Կարծում եմ՝ հանրությանը հայտնի բազմաթիվ դեպքեր կան, երբ շատ հարուստ ու հաջողակ մարդիկ բռնարարներ են եղել։

-Երեխաների հանդեպ բռնությունը որպես դաստիարակության ձև դեռևս կիրառություն ունի, ի՞նչ կասեք սրա մասին։

-Երեխաների հանդեպ բռնությունն ամենավատ երևույթն է, որը վնասում է ոչ միայն տվյալ երեխային, այլև հասարակությանն ու երկրին, քանի որ ճնշված, ստորացված ու բազմաթիվ տրավմաներ ունեցող երեխան հոգեպես առողջ մեծանալ չի կարող։

Բազմաթիվ մարդիկ չեն կարողանում հաղթահարել մանկության տրավմաներն ու այդպես էլ մեծանում են՝ մնալով անինքնավստահ ու վախեցած։ Պատկերացրեք, թե ինչ հասարակություն է ձևավորվում, երբ այդ հասարակությունում շատ են նման մարդիկ։

Ես՝ որպես 3 երեխաների մայր, վստահաբար ասում եմ՝ շատ դժվար է երեխա մեծացել առանց բռնության, քանի որ ավելի հեշտ է հարվածել ու գոռալ երեխայի վրա, քան նրան բացատրել։ Սակայն բացատրելով երեխային, մենք զարգացնում ենք նրա քննադատական մտածողությունը, կարճ ասած սովորեցնում ենք մտածել։ Ցավոք, ծնողները հաճախ գերադասում են ժամանակ չծախսել բացատրական զրույցների վրա, միանգամից բռնություն կիրառել ու վերջ։ Կան դեպքեր երբ իրոք այլ ելք չի մնում քան գոռալը, բայց դրանք հազվադեպ ու էքստրեմալ իրավիճակներ են, որոնք շատ քիչ են լինում։

Կարդալ ավելին

 

x