Չեմ հավատում, որ բյուջետային ավիաընկերությունները կգան Հայաստան. Շահեն Պետրոսյան |tert.am|

tert.am:  Ես չեմ հավատում, որ բյուջետային ավիաընկերությունները կգան Հայաստան, քաղավիացիայի ներկայիս պետն ուղղակի իր գործունեությունն է ինքնաարդարացնում: Այս մասին ասաց Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:

«Ես չեմ հավատում, որ բյուջետային ավիաընկերությունները կգան Հայաստան, որովհետև եթե Վրաստան մեկնում է կոնկրետ «Wizz air»-ը, Վրաստանի կառավարությունը դոտացիաներ է անում այդ ընկերությանը, դրա համար են իրենք նման էժան գներով կարողանում Քութաիսիից թռչել: Հայաստանին իրենք նույն բանն առաջարկել են, եթե կառավարությունը դոտացիա անի»,- ասաց Շահեն Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը 1 տարվա պաշտոնավարման ամփոփիչ ասուլիսին հայտարարել էր, որ բյուջետային «Wizz air» և «Ryanair airlines» ավիաընկերությունները պատրաստ են 2020-ին մուտք գործել հայկական ավիաշուկա:

Քաղավիացիայի նախկին պետը նշում է, որ չի կարող գնահատել քաղավիացիոն կոմիտեի ներկայիս աշխատանքը, քանի որ որևէ արդյունք չի գրանցվել:

«Ինչպես կարող եմ գնահատել, եթե արդյունք չկա: Երեք տարի ղեկավարել եմ Քաղավիացիան, երևի 5-6 գործուղման գնացած լինեմ և մեր հաշվին, ոչ թե բյուջեի: Մեկ տարվա ընթացքում ներկայիս պետը 18 մլն դրամի գործուղման է գնացել: Եթե արդյունք լինի, արդարացված են նման ծախսերը, բայց արդյունք չկա: Օրինակ, Սինգապուր ինչո՞ւ է գնացել»,- ասաց նա:

Տաթևիկ Ռևազյանը նաև հայտարարել էր, որ ՌԴ-ից Վրաստան թռիչքների արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերություններն ավելացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացվել, մասնավորապես, հայկական «Արմենիա» ավիաընկերությունն սկսել է Մոսկվայի ուղղությամբ չվերթներ իրականացնել: Սակայն, Շահեն Պետրոսյանը նշում է, որ դա ոչ թե հայկական, այլ վրացական ավիաընկերություն է. «Georgian airways-ն է, նրա օդանավերն են»:

x