Տավուշի մարզպետարան աշխատանքի համար դիմել է մոտ 70 քաղաքացի. մարզպետարանը հաշվառել է 320 թափուր աշխատատեղ |tert.am|

tert.am: Աշխատանք գտնելու ակնկալիքով վերջին օրերին Տավուշի մարզպետարան է դիմել մոտ 70 քաղաքացի։ Մարզպետարանը պետական կառույցների և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ հաշվառել է 320 թափուր աշխատատեղ: Այս մասին  ասաց Տավուշի մարզպետի մամուլի խոսնակ Գագիկ Աղբալյանը:

Նրա խոսքով՝ 320 թափուր աշխատատեղերն առկա են ճանապարհաշինության, տեքստիլի և սպասարկման ոլորտներում: Թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար մարզպետարանն աշխատում է և՛ մասնավոր կազմակերպությունների, և՛ զբաղվածության պետական գործակալության հետ:

«Գործակալությանը դիմում են գործատուները և ասում են, որ ունեն այսքան աշխատողների, մասնագետների կարիք, այսքան աշխատավարձով: Աշխատանք փնտրող քաղաքացիների հիմնական հոսքը եղել է հուլիսի 19-ին: Մեր մոտեցումը հետևյալն է՝ դիմումը ստանալու պահից 48 ժամվա ընթացքում Տավուշի մարզպետարանի մասնագետները հետադարձ զանգով կապ են հաստատում քաղաքացու հետ և առաջարկում կոնկրետ աշխատանք»,- հայտնեց Գագիկ Աղբալյանը:

Տավուշի մարզպետի մամուլի խոսնակի տեղեկացմամբ՝ առաջարկվող աշխատանքների դիմաց վարձատրությունը միջինում 8-15 հազար դրամի սահմաններում է:

x