Վլադիմիր Գասպարյանի հետ առնչություն ունեցել եմ, բայց ոչ սիգի հարցով. «Սեւան» ազգային պարկի տնօրեն |armtimes.com|

armtimes.com։ Օրերս Փաստերի ստուգման հարթակը (Fip) գրել էր, որ Հայաստանում պահածոյացված սիգ արտադրող ընկերություններից մեկը «Գալիլիա» ՍՊԸ-ն է: Հրապարկման մեջ նշվել էր, որ ընկերության սեփականատերը եւ հիմնադիրը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչն է՝ Հեղուշ Գալստյանը: Նշվել էր նաեւ, որ 2014-17 թվականներին ընկերության տնօրենը եղել է «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը:

Հիշեցնենք, որ 2006 թվականից Սեւանա լճում սիգի որսն արգելված է: Նշենք, որ դատախազությունը սիգի իրացման փաստեր է պարզել եւ քրեական գործ է հարուցել:

«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մտավախություն չունի հարուցված քրեական գործի առնչությամբ:

- Պարոն Գուլանյան, վերջերս հրապարակում եղավ, որ դուք առնչություն ունեք սիգի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող ընկերության հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

- Ես «Սեւան» ազգային պարկի տնօրեն եմ դարձել 2007 թվականի հուլիս-օգոստոսին: Այդ ՍՊԸ-ի մասին, որ խոսում են, ես այդ ՍՊԸ-ի հետ, որպես այդպիսին, կապ չունեմ: 2014-ից 17 թվականները ես բոլորին հայտնել եմ, որ զբաղվում եմ Սեւանի իշխանի էնդեմիկ տեսակի աճեցմամբ:

Այդ ՍՊԸ-ն Ծովագյուղի ներքեւում ունի ձկնաբուծարան՝ իմ տեխնոլոգիաներով, իմ պատկերացմամբ: Դա այնպիսի բան է եղել, որը տարածաշրջանում չկա: Ես Հեղուշ Գալստյանի հետ պայմանավորվեցի՝ այդ հատվածում իմ ձուկն էի աճեցնում մինչեւ 2017 թվականը: Հետո այդ ՍՊԸ-ից ես դուրս եկա: Հետո այդ ՍՊԸ-ն, երբ որ այնտեղ բերել եւ գործարան է կառուցել, դա իմ դուրս գալուց մոտավորապես 8 ամիս հետո է եղել: Երբ ընկերությունը կանգնել է, նոր իրենց մտքով անցել է բերեն այդտեղ գործարան սարքեն:

Սա ամենաահավորը չի: Երբ որ դու մի պայքարի մեջ ես ու քո դեմ գրում են, բողոքում են, ամեն ինչ անում են, ու տեսնում են՝ քեզ ոչինչ չի լինում, դրանից մարդիկ ստիպված գնում են ստոր քայլերի, բայց իմ հանդեպ ավելի ստոր բաներ են արվել: «Սեւան» ազգային պարկի տնօրենը 2017 թվականի դեկտեմբերին 5-6 հոգով առճակատում է ունեցել մոտ 200 հոգի դեմ՝ կատաղած մաֆիա, ձուկ որսացողներ էին: Այդ խնդիրը դարձել էր իմ անձնական պայքարը: Ես պայքարում եմ, որ Հայաստան ցանցեր չներկրվեն:

Ասում էին, թե ես ցանցեր եմ ներկրել Հայաստան, պայքարում եմ, որ փակվի, որ մնացածը չբերեն, որպեսզի ես կարողանամ վաճառել իմ ցանցերը: Վերջում էլ սկսեցին ասել, թե ես ցանց եմ գործում այստեղ, դրա համար եմ փակում հնարավորությունը ցանց բերելու: Հիմա էլ ասում են՝ ես ձկան դեմ չեմ պայքարում, թեեւ այդպես չի: Կարելի է ավազանում քայլել ու տարբեր մարդկանցից հարցնել, թե ո՞վ է իրականում պայքարում:

Մի հատ համապատասխանող բան են գտել՝ ես եւ «Գալիլիա» ՍՊԸ-ն: Քրեական գործ են հարուցել, թող մտնեն, ստուգեն: Որերորդ անգամ այս նույն խոսակցությունը գնում է, գալիս են որոշակի կառույցներ, մտնում նայում են, գործ չի հարուցվում, տեսնում են՝ սուտ է, թողնում գնում են:

Մի պահ էլ սկսել էին գրել, թե խեցգետնի մաֆիան իմ ձեռքում է: Խեցգետին չկար բացարձակապես, Արծվիկ Մինասյանը բնապահպանության նախարար եղած ժամանակ 100 տոննա խեցգետնի թույլտվություն էր տվել ինձնից թաքուն, դրա մասին էլ իմացա: Մինչեւ եկա կանգնեցնելու, արդեն 40 տոննան տարել էին, վերջին 60 տոննան պահեցի: Դա իմ մշտական պայքարն է, բոլորը գիտեն:

- Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ ի՞նչ առնչություն ունեք:

- Առնչություն ունեցել եմ իր հետ: Այդ բուծարանը եղել է իր զոքանչինը: Բայց կոնկրետ Գասպարյանի հետ այդ մասով առնչություն չեմ ունեցել: Եղել է, որ այն ժամանակ ձուկ էինք աճեցնում, գալիս էր իր կորտեժով ու ասում էր՝ դու պրոֆեսոր ես: Բայց իր հետի կապն ավելի շատ ազգային պարկից է, քանի որ նա հարակից տարածքում առանձնատուն ունի:

- Խեցգետնի արտահանմամբ էլ գեներալ Հայկազ Բաղմանյա՞նն էր զբաղվում:

- Զբաղվել է, հիմա չի զբաղվում: 3300 տոննա խեցգետնի թույլտվություն էր տրվում, 7 հազար տոննա եւ ավելի խեցգետին էր Հայաստանից դուրս գալիս: Դա դարձել էր կոնյակից հետո երկրորդ գործը: Դա տեւեց մինչեւ 2016 թվականը: Բոլոր ոստիկանապետերին, բոլոր բնապահպանության նախարարներին առաջինը ես եմ ասել, որ Սեւանա լճից սիգ են տանում:

- Կոնկրետ պահածոյացման եւ արտահանման համար այդքան մեծ քանակությամբ սիգ ինչպե՞ս են կարողանում հանել:

- 1 մարդու մոտ մեծ քանակությամբ սիգ է լինում: Մարդիկ կան, որ ուզում են ցույց տալ, որ շրջակա միջավայրի նախարարությունը ձախողելու է, կառավարությունը ձախողելու է:

Ավելին՝ armtimes.com-ում

x