ԱԻՆ-ը Քաղշին կոմիտեին է տրամադրել սեյսմիկ վտանգի հավանականային նոր քարտեզը

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ից, հանդիպման նպատակը ՀՀ տարածքի 1:500000 մասշտաբի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի հավանականային քարտեզի տրամադրումն էր:

Քարտեզը կազմվել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության նախաձեռնությամբ՝ 2016-2018թ-ին ՀԲ դրամաշնորհով: Քարտեզը կազմել են միջազգային մրցույթում հաղթած կոնսորսյումը, որն իր մեջ ներառում է 3 հայկական, իտալական և ամերիկյան գիտական կազմակերպություններ:

Քարտեզին կից կազմվել է ՀՀ տարածքի 200 հազարից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի ցանկը՝ հավաստանշելով յուրաքանչյուրի սեյսմիկ վտանգի աստիճանը: Քարտեզը բաժանված է սեյսմիկ վտանգի 3 գոտիների, որոնցից յուրաքանչյուրում կանխատեսված է երկրաշարժի հնարավոր առավելագույն ուժգնության աստիճանը:

Քաղաքաշինության պետական կոմիտեին տրամադրված քարտեզը փոխարինելու է ներկայում գործող 1994թ-ի քարտեզին: Նոր քարտեզն ունի բազում առավելություններ. մասնավորապես այն կազմվել է նորագույն տեխնոլոգիներով և համակարգչային ծրագրերով, որոնք ապահովում են առավելագույն ճշգրտություն և տվյալների հավաստիություն:

Կազման ժամանակ որպես ուսումնասիրության նյութ օգտագործվել են Հայաստանի և նրա հարակից 150կմ շառավղով տարածքների տվյալներ: Քարտեզին կից բազմահատոր հաշվետվություններում ընդգրկված նյութերը ներառում են նորագույն տեղեկություններ՝ տեղի ունեցած երկրաշարժերի և ակտիվ խզվածքների մասին վերլուծություններ, որոնք կօգնեն գնահատել ՀՀ սեյսմիկ վտանգը և սեյսմիկ ռիսկը:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, շնորհակալություն հայտնելով կատարված մեծածավալ աշխատանքի համար, նշեց, որ նոր քարտեզը անպայման կներառվի կոմիտեի լրամշակվող քաղաքաշինական նորմերում և կբարձրացնի կառուցվող շենք շինությունների սեյմակայունությունը և կնվազեցնի սեյմսիկ խոցելիությունը:

Հանդիպման ավարտին՝ ԱԻ նախարարը պատրաստակամություն հայտնեց փոխգործակցել, որպեսզի մեր քաղաքացիները ապրեն ավելի ապահով և բարձր սեյսմակայունություն ունեցող շենքերում:

x