Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հետախուզումը շարունակվում է |pastinfo.am|

pastinfo.am: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Ինչպես հայտնի է, Սուրիկ Խաչատրյանի որդիներից մեկը՝ Տիգրան Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնական փաստաթուղթ կեղծելը եւ այդ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը։ Գրեթե մեկ տարի առաջ Քննչական կոմիտեն հայտնել էր նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Փաստաթղթերի կեղծման ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաեւ մյուս որդուն՝ Տրդատ Խաչատրյանին։ Վերջինիս նկատմամբ նշանակվել էր ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն։

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ Տրդատ Խաչատրյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել։

Ինչ վերաբերում է Տիգրան Խաչատրյանին, նա շարունակում է գտնվել հետախուզման մեջ։

x