Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի գործը վերաբացելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը |iravaban.net|

iravaban.net։ Այսօր՝ հուլիսի 23-ին, վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ էջմիածնի բնակիչ Էդուարդ Պողոսյանի հոր՝ Մհեր Պողոսյանի մահվան գործով 25 տարի վաղեմության դատավճռի վերաբերյալ զինվորական դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Նշենք, որ բողոքը ներկայացվել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով՝ բեկանելու և գործը առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ:

Էդուարդ Պողոսյանը 2018 թվականի հուլիսին ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ներկայացրել, որ 1994-ի ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում իր հորը՝ Մհեր Պողոսյանին դիտավորյալ սպանել է Հրանտ Գրիգորյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է:

Դատարանը մերժեց ավելի վաղ ներկայացված դիմումն առ այն, որ փաստաբան Զարուհի Մեջլումյանը հանդիսանա Էդուարդ Պողոսյանի՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, պարզաբանելով, որ Էդուարդ Պողոսյանը չի հանդիսանում տուժողի իրավահաջորդ:

Նիստի ընթացքում մեղադրյալի իրավունքներից օգտվող Հրանտ Գրիգորյանի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանը նշեց, որ Էդուարդ Պողոսյանը չի կարող հանդիսանալ որպես տուժողի իրավահաջորդ, իսկ Զարուհի Մեջլումյանը՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, քանի որ այդ դատական գործը փակված է:

Դատավոր Մնացական Հարությունյանը փաստաբան Հովսեփ Սարգսյանին հարց ուղղեց. «Եթե շարժվենք այն տրամաբանությամբ, որ չկա քրեական գործի վարույթ, ապա ձեր ներկայությունն այստեղ ևս իրավաչափ չԷ»: Փաստաբան Հովսեփ Սարգսյանը համաձայնեց՝ նշելով «Չկա որևէ կարգավիճակ, քանի որ գործն ավարտված է: Այստեղ գործը վերաբացելու մասին է: Եթե մենք դատավարական կարգավիճակի առումով ենք քննարկում, ապա Հրանտ Գրիգորյանը այն ժամանակ եղել է մեղադրյալի, ամբաստանյալի, դատապարտյալի կարգավիճակում և այստեղ նրա շահերը շոշափվում են»:

Դատական նիստի ընթացքում դատարանը բավարարեց Էդուարդ Մհերի Պողոսյանի դիմումը, որն է՝ ճանաչել Էդուարդ Պողոսյանին (սպանված Մհեր Պողոսյանի որդուն) որպես տուժողի իրավահաջորդ, որից հետո բավարարվեց նաև Զարուհի Մեջլումյանի միջնորդությունը՝ իրեն ընդգրկելու գործի վարույթ, որպես տուժողի իրավահաջորդ:
Փաստաբան Զարուհի Մեջլումյանը նշեց, որ հնարավորություն չի ունեցել ավելի վաղ ծանոթանալու քրեական գործի հանգամանքներին: Հրանտ Գրիգորյանի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանն առարկեց, ասելով, որ իր կարծիքով տուժող կողմը գործի նյութերին ծանոթ է:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա սույն թվականի սեպտմբերի 23-ին, ժամը՝ 16:00-ին:

x