Մոսկվայում ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնին |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայում՝ սեփական տան շքամուտքի մոտ ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ, նախագահ Պուտինի մոլի քննադատ Ալեքսեյ Նավալնին:

Կոռուպցիայի դեմ պայքարով հայտնի ակտիվիստը Ինստագրամում գրել է, որ դուրս էր եկել տանից՝ կնոջը ծաղիկներ գնելու համար, և պարզել, որ տան մոտ իրեն է սպասում հատուկ ջոկատայիններով լի մի ավտոբուս: Իրավապահները Նավալնուն բերման են ենթարկել։

Ավելի վաղ ընդդիմադիր գործիչը կոչ էր արել այս շաբաթավերջին զանգվածային ցույց անցկացնել Մոսկվայի քաղաքապետարանի մոտ և պահանջել, որ անկախ թեկնածուներին ևս քաղաքային ընտրություններին մասնակցելու հնարավորություն տրվի:

Անցած շաբաթ օրը Մոսկվայի ավելի քան 20 հազար բնակիչներ էին արձագանքել ընդդիմության այդ կոչերին, 2012 թվականից հետո առաջին անգամ հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ աջակցելու այն թեկնածուներին, որոնց իշխանությունները հրաժարվում են գրանցել՝ չնայած դրա համար հավաքված ստորագրություններին:

Նավալնին չէր բացառել, որ բողոքի այս ցույցերը կարող են դառնալ անժամկետ: Իշխանությունները «քաղաքական շանտաժ» էին որակել ընդդիմության այս հայտարարությունները:

x