Կազմակերպում են Համահայկական խաղեր առանց խղճի խայթի. Ռոստոմյանի կոշտ հայտարարությունը՝ ուղղված ՀԱՕԿ նախկին նախագահին |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը կոշտ հայտարարություն արեց ակնարկելով՝ ՀԱՕԿ նախկին նախագահ Իշխան Զաքարյանին, որն այժմ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է: Այսօր՝ հուլիսի 24-ին, ՀԱՕԿ արտահերթ ասամբլեայի ժամանակ Ռոստոմյանը նշեց, որ, երբ 2005 թ. Գագիկ Ծառուկյանը ստանձնել է ՀԱՕԿ նախագահի պաշտոնը, սպորտը անմխիթար վիճակում է եղել:

«Ամփոփելով Եվրոպական խաղերը կցանկանայի հետհայացք նետել դեպի հեռավոր 2005 թ., երբ պարոն Ծառուկյանը ստանձնեց ՀԱՕԿ նախագահի պաշտոնը: Չունենալով սպորտային որեւէ ինֆարստրուկտուրա՝ սկսեցինք ամեն ինչ ստեղծել զրոյից: Ասել, որ մենք ստացել էինք անմխիթար ժառանգություն, նշանակում է ոչինչ չասել: ՀԱՕԿ-ը տարեց տարի միայն ձեռքբերումներ գրանցեց սպորտի միջազգային ընտանիքում:

Ժառանություն ստացանք արտագաղթող մարզիկներ: Սա բնավ չի նշանակում, որ մենք այսօր բավարարվում ենք ունեցածով, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի մեկ-մեկ հիշել եւ օրվա կուրսով առաջնորդվողներին էլ հիշեցնել, թե ինչ վիճակում էին հանձնել հայկական սպորտը եւ ինչպիսի ջանասիրությամբ էին աղճատել հայ մարզիկի կերպարը:

Ասում են՝ բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ: Սակայն սպորտում այն հիմնասյունային է, եւ մեկ անգամ այդ արժեքները գետնին տվածն այլեւս իրավունք չունի այդ բառն իսկ հոլովելու: Չնայած վերջերս Հայաստանում գրանցած սպորտային հաջողությունների ֆոնին այդ փառքից փշրանքներ վայելելու հույսով որոշ մարդիկ կազմակերպում են Համահայկական խաղեր առանց խղճի խայթի, որ իրենց ղեկավարման տարիներին սպորտային տարածքները, մշակույթի լեզվով ասած, սպիտակ ցեղասպանության են ենթարկվել:

x