Մասշտաբային խափանում․ ՀՀ ողջ տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքվում |armtimes.com|

armtimes.com։ Այսօր առավոտից Հայաստանի ողջ տարածքում չեն կնքվում ԱՊՊԱ պայմանագրեր։ «Կանգնած» են նաեւ Ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման կետերը։ Քաղաքացիներին չեն տրամադրում «տեխանձնագրեր» ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով։

Այսօր առավոտից առաջացած խնդրի մասին մեզ ահազանգեցին բազմաթիվ քաղաքացիներ։ «Առավոտից հերթերի մեջ ենք, սպասում ենք, որ համակարգն աշխատի։ Մի քանի ժամը մեկ ասում են՝ շուտով կաշխատի համակարգը, սակայն դա տեղի չի ունենում»,- մեզ հետ զրույցում նշեց Սարգիսը, որն այս պահին գտնվում է ՃՈ հաշվառման կետերից մեկում՝ հերթում։

Քաղաքացիներին տեղեկացրել են, որ խնդիր է առաջացել Ավտոապահովագրողների բյուրոյի բազայի ու ՃՈ ծառայության հաշվառման համակարգի սինքրոն աշխատանքում։ «Այդ երկու համակարգերի միջեւ ինչ-որ խնդիր է ծագել։ Հիմա ՃՈ հաշվառման կետում, որտեղ ես եմ գտնվում, ԱՊՊԱ-ի գրասենյակ կա, որը չի աշխատում, իսկ առանց ԱՊՊԱ պայմանագրի հնարավոր չէ ավտոմեքենայի տեխանձնագիր վերցնել», - նշում է նա։

Ոստիկանությունն ու Ավտոապահովագրողների բյուրոն հստակ պատասխաններ չեն տալիս, թե երբ կաշխատի համակարգը։ Միեւնույն ժամանակ հազարավոր քաղաքացիներ սպասում են սահմանին ու ՃՈ հաշվառման կետերի հերթերում՝ փաստաթղթային ձեւակերպումներ իրականացնելու համար։

Խնդիրն ավելի է բարդանում, քանի որ այս տարի ռեկորդային քանակությամբ (2019 թ-ի առաջին կիսամյակի կտրվածքով՝ ծուրջ 70 հազար) ավոտմեքենաներ են ներմուծվում Հայաստան։ Մյուս կողմից այժմ ակտիվ տուրիստական շրջան է՝ շատերն իրենց ավտոմեքենաներով են Վրաստանից կամ ՌԴ-ից ժամանում Հայաստան՝ հանգստանալու։ Նրանք չեն կարող իրենց ավտոմեքենաներով մուտք գործել երկիր, եթե չեն կնքել ԱՊՊԱ պայմանագիր։ Այդ պայմանագրի բացակայությունը մեծ տուգանքների կարող է հանգեցնել։

x