Քլորելան կարող է փրկել Սեւանը. Աշոտ Կարապետյան |hetq.am|

hetq.am: «Քլորելան կարող է «ծաղկած» Սեւանի փրկության տարբերակներից մեկը լինել»,-ասում է ցանցային մասնագետ, գյումրեցի Աշոտ Կարապետյանը: Նա պատրաստվում է վերականգնել 2014-15թթ. իր սկսած եւ 4 տարի առաջ դադարեցրած քլորելայի արտադրությունը: Նրա՝ ««Քլորելա Վուլգարիս» ջրաբույսերի արտադրությունը` որպես կերային հավելուկ» ներդրումային ծրագիրը ներկայացվել էր հուլիսի 20-ին, Գյումրիում կայացած «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողովին եւ տեղական արտադրանքի ցուցահանդեսին: 

«2 մլն 800 հազար դրամի ներդրումային ծրագիր է, որից 1 մլն 300 հազարն իմ ներդրումն է սարքավորումների ու տեխնոլոգիայի տեսքով, իսկ աջակցությունն ինձ պետք է առավել ստերիլ տարածք ունենալու եւ լիցենզիայի համար,-ասում է Աշոտ Կարապետյանը,-վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարզպետն անձամբ ներկայացրեց ու նշեց հատկապես Սեւանի փրկության համար կիրառելի տարբերակը: Ագրարային ակադեմիայի ռեկտորին շատ հետաքրքրեց քլորելան, խոստացավ իրենց մասնագետների հետ ուսումնասիրելուց հետո արձագանքել»:

Քլորելան կանաչ ջրաբույս է: Համարվում է աշխարհում ամենաօգտակար հավելումներից մեկը: Քլորելան համարվում է վիտամինների, սպիտակուցների, հակաօքսիդանտների շատ հարուստ աղբյուր: Ունի վառ արտահայտված հակաբիոտիկ, հակասեպտիկ, օրգանիզմը վերականգնող եւ թունազերծող հատկություն, բարձրացնում է դիմադրողականությունը, նորմալացնում արյունաստեղծ գործընթացը: Ցուցված է եւ մարդկանց, եւ կենդանիների օգտագործման համար: Քլորելայի գյուտը պատկանում է բուլղարացի գիտնականներին: Աշոտ Կարապետյանի փոխանցմամբ, քլորելայով հայ գիտնականները զբաղվել են 1960-ականներին:

«Բազմաթիվ ուսումնասիրություններ, հոդվածներ կան քլորելայի մասին: Հայտանագործել են բուլղարացիները, բայց հիմա աշխարհում տարբերակվում են քլորելայի արտադրության ռուսական եւ ճապոնական եղանակները:

Ռուսականի դեպքում գործածվում է հեղուկ տարբերակը, իսկ ճապոնացիները զտում են ջրային մասսան ու վաճառում հաբերի ձեւով: Ես քլորելայի շտամը՝ մերանը, բերել եմ Սարատովից: Նախորդ անգամ իմ գործունեությունը դադարեցրեցի, որովհետեւ տեխնոլոգիան փչացրել էի, հիմա կրկին վերադարձել եմ այդ գաղափարին, քանի որ Հայաստանում մեծ զարգացում է ստանում ինտենսիվ անասնապահությունը»,-ասում է Աշոտ Կարապետյանը:

Բարձր ցուցանիշներ ստանալու նպատակով ֆերմերները ձգտում են ներմուծել անասունների արդյունավետ ցեղատեսակներ, որոնց համար կիրառում են կերային հավելումներ: «Սակայն կերային հավելումները հաճախ քիմիական ծագման են կամ գենամոդիֆիկացված:

Բացի դրանից, կերը, լինելով թանկ, ազդում է արտադրանքի արժեքի վրա, ինչի հետեւանքով խանութներում վաճառվող կաթնամթերքի գները մի քանի անգամ տարբերվում են գյուղական բնական կաթնամթերքի գներից՝ զիջելով նրանց թե´ որակով, թե´ էկոլոգիապես,-նկատում է զրուցակիցս,-սա հաշվի առնելով եմ առաջարկ ներկայացրել քլորելայի արտադրության հետ կապված, որպեսզի բնական ծագման հավելումներ օգտագործվեն»:

Քլորելան պարունակում է 665 տեսակի նյութ՝ 40 տեսակի ամինաթթու, 15 տեսակի վիտամին, միներալներ, հակաօքսիդանտներ եւ այլն: Հեղուկ քլորելայի պահպանման ժամկետը 10 օր է: Ժամկետանց, հին բուսահյութից տիղմի, ջրիմուռի հոտ է գալիս: Որպես կերային հավելում կենդանիներին տրվում է վերարտադրման շրջանում՝ կովին տարին մեկ անգամ, խոզին՝ երկու, ճագարին շատ ավելի մեծ հաճախությամբ եւ այլն:

Աշոտի փոխանցմամբ, մարդիկ եւս կարող են օգտագործել քլորելա, օրական չափաբաժինը` 200 գրամ, մեկ ամիս տեւողությամբ, եթե կարիք ունեն ուժերը վերականգնելու: Քլորելան հաջողությամբ ճնշում է գրիպի հարուցիչը. Աշոտն ասում է՝ անձամբ է փորձել իր վրա:

«Սեւանի պարագայում կարող եմ ասել, որ քլորելայի շտամը կվերացնի Սեւանում առկա շտամը, այսինքն` քլորելայի գործադրմամբ կարող ենք լուծել այդ հարցը,-պնդում է Աշոտը,-աշխարհում բազմաթիվ փորձեր կան, որ տարբեր ջրամբարներ լցրել են, ինքը վերացրել է էդ կապտկանաչավուն ջրիմուռը: Բավարար կլինի 1 հա-ի համար օգտագործել 20 լիտր քլորելա: Ազգային անվտանգության տեսանկյունից նաեւ շատ կարեւոր է քլորելայով կեղտաջրերի մաքրումը»:

 

x