Մենք պետք է ցույց տանք մեր անհանդուրժողականությունն այս խախտումների նկատմամբ, որպեսզի այս բացառությունը կանոն չդառնա.Ռուբեն Մելիքյան |aysor.am|

aysor.am: «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը անհանգստացած է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության, ինչպես նաև նրան առնչվող քրեական գործի փաստով։ Ավելին, նա ուղիղ կապ է տեսնում դատավոր Գրիգորյանին առնչվող քրեական գործի ու Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նրա կողմից կայացված «ոչ իշխանահաճո» որոշման հետ։

«Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին կայացնում է որոշում Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով ու մայիսի 22-ին չգիտես՝ որտեղից հայտնվում է մի անձ և իբր թե դատախազության ձևակերպմամբ, «առավել հիմնավոր փաստարկներ» է ներկայացնում, որի հիման վրա դատախազությունը որոշում է վեր հանել գործը», - ասաց Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք՝ քրեական գործը, որով դատավոր Դավիթ Գրիգորյանը առայժմ կասկածյալ է, պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ է հարուցվել։ Դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը ավելի վաղ հայտնել էր, որ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, սակայն նախաքննական մարմինը դեռևս այս տարվա փետրվարի 18-ին որոշել էր այդ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժել։ Մերժման որոշումը հաստատվել է նաև գործը հսկող դատախազի կողմից։ Սակայն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումից հետո, երբ գործն ուղարկվեց Սահմանադրական դատարան, Քոչարյանը ազատվեց կալանքից, իրավապահները որոշել են թարմացնել այն ու դրա հիման վրա էլ խուզարկություն է կատարվել դատավորի աշխատասենյակում։

Գլխավոր դատախազությունը այս առնչությամբ մեկնաբանել էր. «Հաղորդում տված անձի կողմից քննիչի և դատախազի որոշումները այս տարվա մայիսին բողոքարկել են նաև ՀՀ գլխավոր դատախազին: Ներկայացված այս բողոքով քաղաքացին հայտնել է առավել հիմնավոր փաստարկներ:

Մասնավորապես՝ կոնկրետ փաստարկներ են ներկայացվել ոչ թե նիստի ծանուցման մասին, ինչի տպավորությունը համառորեն փորձ է արվում ստեղծել լրատվական միջավայրում, այլ դատական նիստի արձանագրության կեղծված լինելու վերաբերյալ, որոնք առերևույթ վկայել են պաշտոնեական կեղծիքի օբյեկտիվ հատկանիշների մասին: ՀՀ գլխավոր դատախազի կողմից բողոքի բավարարումը և քրեական գործի հարուցման որոշում կայացնելը պայմանավորված է եղել բացառապես այդ հանգամանքով և ներկայացված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու անհրաժեշտությամբ»:

Ինչ վերաբերում է դատավորի աշխատասենյակում խուզարկության, այնուհետև փաստաթղթերի ու կրիչների առգրավման փաստին, Մելիքյանն ասաց, որ աշխատասենյակը հավասարազոր է բնակարանին, հետևաբար, եթե գալիս են բնակարանից որևէ բան տանելու, ապա սեփականատերը պետք է մասնակից լինի այդ գործընթացին։

x