Թեղուտի պոչամբարի անվտանգությունը Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում չէ |hetq.am|

hetq.am: Շրջակա միջավայրի նախարարությունը Թեղուտի պոչամբարի հարցում անելիքներ չունի: Այսպիսի եզրակացության կարելի է հանգել` կարդալով Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված մեր գրավոր հարցման պատասխանը:

«Հետքը» Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին գրավոր հարցում էր ուղարկել` նշելով, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Վարդան Արամյանը «Հետք»-ին տված 2018թ.-ի օգոստոսի 20-ի հարցազրույցում հայտնել էր, որ Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության ցուցանիշները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափանիշներին: Այժմ Թեղուտի հանքավայրը կրկին շահագործման է պատրաստվում:
Նախարար Գրիգորյանին խնդրել էինք հայտնել, թե`

  • Շրջակա միջավայրի նախարարության կողմից գնահատվե՞լ է Թեղուտի պոչամբարի վիճակը վերջին շրջանում:
  • նախարարության մասնագետները կատարե՞լ են որևէ ուսումնասիրություն` պարզելու, թե շահագործման պարագայում պոչամբարն արդյոք անվտանգ է լինելու, կամ կա՞ն ռիսկային գործոններ, որոնք կարող են սպառնալ շրջակա միջավայրին: Եթե կատարվել էին մասնագիտական ուսումնասիրություններ, ապա խնդրել էինք տրամադրել եզրակացությունների կրկնօրինակները:

«Վարչապետի 2018թ. Հունիսի 11-ի N 745-L որոշմամբ, Շրջակա միջավայրի նախարարությանը պոչամբարի տեխնիկական անվտնագության ցուցանիշների (վիճակի) գնահատում և շահագործման անվտանգությունը պարզելու իրավասություններ վերապահված չեն:

Արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը վերապահված է արտակարգ իրավիճակների նախարարությանը»,- նախարար Գրիգորյանին ուղղված հարցմանը պատասխանել է Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը:

Վարչապետը նշված որոշմամբ ընդամենը հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության (նախկին` ԲՆ) կանոնադրությունը, որի որևէ կետով, ըստ նախարարության, իրենք պարտավորություններ չունեն:

Ավելին՝ hetq.am-ում

x