Կարո՞ղ է կեղծում անեմ․ Ազգային արխիվի տնօրենը՝ քրգործի կարճման մասին |news.am|

«Քրեական գործը կարճվել է դեռ մայիսին, արդեն անցած պատմություն է, և ինձ չի հետաքրքրում»,- այդ մասին  հայտնեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը՝ համաձայն որի դադարեցվել է իր նկատմամբ քրեական հետապնդումը։

«Այդ գործը կարճվել է դեռ երեք ամիս առաջ։ Պարզեցին, որ այդ հոդվածով նախատեսված արարքներ չեմ գործել, այդքան բան։ Քննություն է անցկացվել, ու այդ ամենը հերքվել է։ Առաջին օրվանից պարզ էր, որ այդպիսի ելք է ունենալու գործը»,- նշեց Վիրաբյանը։ Դիտարկմանը, թե դեռ 2018-ին Ազգային արխիվի տնօրենը գրավոր բացատրության մեջ ընդունել է, որ իր կողմից կատարվել են մի շարք փաստաթղթերի կեղծումներ, Ամատունի Վիրաբյանը պատասխանեց․

«Կեղծում բառ գրեմ ե՞ս։ Ես ո՞նց կարող եմ գրել, որ կեղծում եմ կատարել։ Սուտ տեղեկություն է, տիկնոջ անունն անձնագրում եղել է Օֆելիա, ես գրել եմ Օֆելյա, դա կեղծի՞ք են համարում։ Ես ասել եմ որոշակի սխալ, որոշակի թերություն եղել է, բայց ոչ կեղծիք»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։

Դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրեցին, որ Ամատունի Վիրաբյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, և գործում փաստաթղթերի կեղծման մասին որևէ խոսք չկա։

Հիշեցնենք, որ 2018-ի հունիսի 20-ին Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել էր Ամատունի Վիրաբյանի հետ, մտահոգություններ հայտնել և բացատրություններ պահանջել վարչական վարույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների, մասնավորապես՝ որոշ փաստաթղթերի կեղծման փաստերի կապակցությամբ։

Համաձայն Տարածքային կառավարման և զարգացման նախարարության՝ Ազգային արխիվի տնօրենը իրականացված խախտումների վերաբերյալ առարկություններ չի ներկայացրել, ավելին՝ գրավոր բացատրության մեջ ընդունել է, որ իր կողմից կատարվել են մի շարք փաստաթղթերի կեղծումներ, արգելվել է որոշ քաղաքացիների օգտվել արխիվային նյութերից, սահմանված ժամկետում չի ներկայացվել աշխատանքային պայմանագրով նախատեսված Ազգային արխիվի գործունեության հնգամյա ծրագիրը։

x