Թրամփը կարող է օգտագործել Պենտագոնի բյուջեից 2,5 միլիարդ դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վճռել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել Պենտագոնի բյուջեից 2,5 միլիարդ դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար:

Սպիտակ տան ղեկավարի այդ իրավունքը վիճարկել են առաջատար մի շարք բնապահպան խմբեր, որոնց համոզմամբ պատի կառուցումը թույլ չի տա ամերիկացիներին վայելել բնության գեղեցկությունը և ձգվող պատի տարածքն օգտագործել հանգստի համար:

Գերագույն դատարանը եզրահանգել է, որ հայցվորները չունեն օրինական հիմքեր նման դերում հանդես գալու համար: Շուրջ երկու ամիս առաջ դաշնային դատարանը մերժել է Ներկայացուցիչների պալատի անդամների հայցը, որով պնդում էին, թե նախագահը իրավունք չունի միջոցներ ծախսել այնպիսի նախաձեռնությունների համար, որոնք հակասում են Կոնգրեսի որոշումներին:

Անցած փետրվարին նախագահ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարեց, որպեսզի կարողանա Պենտագոնի ֆինանսական միջոցներն օգտագործել սահմանային պատի կառուցման համար: Նախագահն այդ քայլին էր գնացել պատի կառուցման համար միջոցներ հատկացնելու առաջարկը Կոնգրեսի կողմից մերժվելուց հետո:

Գերագույն դատարանի նախօրեին կայացրած որոշումը Թրամփի վարչակազմին թույլ է տալիս սկսել վիճահարույց նախաձեռնությունը՝ սահմանային պատի կառուցումը, թեև այդ հարցով դեռևս մի քանի հայցեր տարբեր դատական ատյանների կողմից քննվում են: Հարևան Մեքսիկայի հետ պատի կառուցումը Թրամփի նախընտրական գլխավոր խոստումներից է։

x