Քոչարյանին ազատ արձակած դատավորի լիազորությունները կասեցվել են, հարուցվել է քրեական գործ |azatutyun.am|

azatutyun.am:  Բարձրագույն դատական խորհուրդը երեկ բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը` քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և ըստ այդմ ժամանակավորապես կասեցնել նրա լիազորությունները որպես դատավոր։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը, քրեական գործ հարուցելու՝ Դատախազության միջնորդությունը բավարարվել է երկու դրվագով, երրորդը` մերժվել: Գործի մանրամասները Բարձրագույն դատական խորհուրդը չի հրապարակում:

Գլխավոր դատախազությունն օրերս հայտարարել էր, թե դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը հետապնդել են «բացառապես մեկ իրավաչափ նպատակ՝ գործով ձեռք բերել պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ»:

Իրավապահ մարմինը կտրականապես հերքել էր, թե Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ` պնդելով, որ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ քաղաքացին հաղորդում է ներկայացրել այս տարվա փետրվարին:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագրով ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, ապա գործի վարույթն առհասարակ կասեցնելով՝ ուղարկել Սահմանադրական դատարան:

x