Ըստ ոստիկանության՝ Քոչարյանի աջակիցները բերման են ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար |a1plus.am|

a1plus.am: Անցյալ տարի հուլիսի 28-ին կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը։ Այդ առթիվ այսօր Կառավարության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։

Ակցիայի մասնակիցներից Գագիկ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ ուշ գիշեր ակցիա անելիս իրեն և ևս 3 հոգու ոստիկանները բերման են ենթարկել։ Հարցին, թե ի՞նչ ակցիա էին իրականացնում, Գագիկ Բաղդասարյանն ասաց, որ ակցիայի բնույթն այդքան էլ էական չի։ Վերջինս նշում է, որ իրենց նկատմամբ ոստիկանությունն ուժ է կիրառել։

Ըստ Բաղդասարյանի՝ զեկուցագրում ոստիկանները գրել են, որ իրենց բերման են ենթարկել՝ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար։ Իսկ բերման ենթարկվածների փաստաբան Վահե Եփրիկյանն էլ ասաց, որ նրանք, ըստ էության, ակցիա չէին իրականացրել, այլ պատրաստվում էին իրականացնել, պարզապես զբոսնում էին։

Նա նույնպես պնդեց, որ այս պարագայում ակցիայի էությունն էական չի։ Եփրիկյանի խոսքով՝ ոստիկանները բերման ենթարկելիս չեն ներկայացել։ Բերման ենթարկվածների վերաբերյալ կազմվել է վարչական ձերբակալման մասին արձանագրություն։
Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել «Քոչարյան հերոս», և վիրավորական արտահայտություններ հնչեցրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Այս առնչությամբ «Ա1+»-ը մեկնաբանություն խնդրեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից։

«Գիշերը, ժամը երեքի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժին բերվել է չորս անձ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Համապատասխան արձանագրություն է կազմվել, և նրանք ազատ են արձակվել»,- ասաց Ջանոյանը։
Այն հարցին, որ բերման ենթարկվածները պնդում են, որ իրենց նկատմամբ ոստիկաններն ուժ են կիրառել, Էդգար Ջանոյանն ասաց, որ եթե իրենք պնդում են, որ ոստիկանները ուժ են գործադրել, թող գնան, հաղորդում ներկայացնեն, դա իրենց իրավունքն է։

x