Կոնվենցիան չի նախատեսում միասեռական ամուսնությունների օրինականացում, չի ճանաչում երրորդ սեռ. ԱՆ |lragir.am|

lragir.am։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու նախարարության մասնագետները Ֆեյսբուք սոցիալական ցանցում ուղիղ եթերով պարզաբանումներ ներկայացրին «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիայի վերաբերյալ:

Բադասյանն ասաց, որ կոնվենցիան որևէ կերպ չի նախատեսում միասեռական ամուսնությունների օրինականացում, ինչը շահարկում են դրա դեմ հանդես եկող շրջանակները: Կոնվենցիան չի ճանաչում երրորդ սեռ, որովհետև հստակ տարաջատված են սեռ և գենդեր հասկացությունները:

Նա նշեց, որ գենդեր հասկացությունը նոր չէ Հայաստանի համար, 2013 թվականից գենդեր հասկանությունը հիշատակվում է ՀՀ օրենսդրությունում, որևէ աղետ տեղի չի ունեցել հայկական ընտանիքներում:

Նախարարը հավելեց, որ կոնվենցիան միմիայն կանանց դեմ բռնությունների կանխարգելմանն է ուղղված: “Այս կոնվենցիայի վավերացմամբ ՀՀ իրավական համակարգ նոր տերմին չի ներմուծվում: Բնականաբար, հարց է ծագում, ովքե՞ր են այն խմբերը, ովքեր ամեն կերպ փորձում են կոնվենցիան ներկայացնել հայ հասարակության համար զգայուն թեմաների դաշտում”,- ասաց նա:

Կոնվենցիայի վավերացմանը դեմ էր արտահայտվել նաև Հայ առաքելական եկեղեցին: Ռուստամ Բադասյանն ասաց, որ երկխոսությունը եկեղեցու հետ շարունակելու են, որպեսզի բոլոր մտահոգությունները վերանան:

Նա նշեց, որ ուզում է հետադիմական ուժերի մեկնաբանություններին անդրադառնալ, որոնք իրականում հասարակության հետ անկեղծ չեն: “Նրանք կարծում են, որ դաստիարակչական առումով կնոջ ու երեխաների հանդեպ բռնությունն արդարացված է, նրանք դրա համար են ընդդիմանում կոնվենցիային: Բայց ընտրել են այլ տակտիկա՝ հասարակության համար զգայուն թեմաներ են շոշափում՝ փորձելով բացասական կարծիք ստեղծել կոնվեցիայի վերաբերյալ”,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ այս օրակարգը որևէ կերպ պարտադրված չէ միջազգային կառույցների կողմից: Սա ՀՀ ստանձնած պարտավորությունն է իր քաղաքացիների առաջ: «Վավերացնելով կոնվենցիան՝ մենք կունենանք նոր հնարավորություններ ու միջոցներ՝ բացառելու կնոջ նկատմամբ ցանկացած բռնություն ու խտրականություն: Սա մեր հասարակությանն ամենաշատը պետք է հետաքրքրի, և բոլորս պետք է հետաքրքրված լինենք կոնվենցիայի վավերացման հարցով»,- ասաց նա:

x