ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանը չի բողոքարկել իրեն մեղավոր ճանաչելու և համաներմամբ պատժի կրումից ազատելու վերաբերյալ դատավճիռը |hetq.am|

hetq.am։ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանը չի բողոքարկել իր վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Այն մտել է օրինական ուժի մեջ, և գործն ուղարկվել է դատարանի արխիվ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել «Օլիմպավան» մարզական համալիրում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ, դատապարտել 3 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման, ապա պատժի կրումից համաներմամբ ազատել:

Գործի քննության ընթացքում Էդուարդ Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե ապացուցվի իրեն վերագրվող արարքում իր մեղքն, ապա վայր կդնի պատգամավորի մանդատը, ու թեև նրա վերաբերյալ դատավճիռն արդեն մեկ ամսից ավելի է` օրինական ուժի մեջ է մտել, պատգամավորը մանդատը վայր չի դրել:

Բաբայանի մասնակցությամբ միջադեպից հետո ոստիկանությունը հայտնել էր, որ, ըստ տուժող Վյաչեսլավ Հարությունովի հաղորդման, նրան նախ «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է»։ Շուտով, սակայն, տուժող Հարությունովը հայտարարել է, թե իրեն չեն հարվածել, այլ սայթաքել ու վայր է ընկել: Գործի դատաքննության ժամանակ ևս տուժողը պնդել է, թե սայթաքել է:

Գործի քննության սկզբնական փուլում գտնվում էր կալանքի տակ, սակայն 2018 թվականի օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

x