Ալիեւը օր առաջ կդիմի լայնածավալ ռազմական գործողությունների, եթե վստահ լինի, որ հաղթելու է. Կարեն Վերանյան |hetq.am|

hetq.am: «Հետքի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը:

-Պարոն Վերանյան, հուլիսի 27-ին եւ 28-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում լարվածության աճ է դիտվել: Ինչպես հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հակառակորդի կրակոցից երկու զինծառայող է վիրավորվել, մեկ զինծառայող զոհվել է: Ինչո՞վ է պայմանավորված սահմանային այս ակտիվությունը: Ինչի՞ է փորձում հասնել Ադրբեջանը նման սադրանքներով:

-Նախեւառաջ պետք է հստակ հասկանանք, որ Ադրբեջանի իշխանությունների ձեռագիրը չի փոխվել: Մեծ սպասումներ չպետք է ունենանք, որ Հայաստանի գործող ղեկավարության հնչեցրած` խաղաղության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության մասին հայտարարությունները խոշոր հաշվով ընկալելի են Ադրբեջանի ռազմաքաղաքական ոլորտի պատասխանատուների համար:

Իհարկե, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո համեմատաբար նվազել է սահմանային լարվածությունը, նվազել են նաեւ միջադեպերը: Սա, անշուշտ, չափազանց կարեւոր ձեռքբերում է, սակայն, դժբախտաբար, դա դեռեւս իրավիճակային լուծում է եւ չի կարող ունենալ համակարգային բնույթ: Բաքվի այդ սպասողական կամ անցումային զսպվածության հետեւում տեսանելի են Հայաստանի հետհեղափոխական շրջանը հօգուտ իրենց օգտագործելու ակնկալիքները: Երբ հարեւան երկրում վերջապես հասկանան, որ այդ ակնկալիքները չեն արդարացվելու, իսկ դրանք չեն արդարացվելու, ապա Ալիեւը լիովին կվերադառնա նախկին գործելաոճին:

Մյուս կողմից՝ Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության մեծացման միտումը պետք է պայմանավորել արտաքին գործոնով եւ, մասնավորապես, Թուրքիայի շուրջ ծավալվող զարգացումներով: Այսօր Թուրքիան խնդիրներ ունի Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ, շարունակվում են հակասությունները Իրաքում, Սիրիայում, Իսրայելի հետ հարաբերություններում:

Անկարայի շահերին հակասում են Արեւելյան Միջերկրականում գործընթացները, որտեղ համընկնում են Իսրայելի շահերը Թուրքիայի հակառակորդ Հունաստանի ու Կիպրոսի հետ: Այդ համատեքստում Թուրքիան փորձում է սերտացնել գործակցությունը Մոսկվայի հետ: Նկատենք, որ ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Թուրքիա հակասությունների բերումով Հարավային Կովկասում կրկին մեծացել է Վաշինգտոնի ուշադրությունը` փորձելով նվազեցնել Անկարա-Մոսկվա գործակցության ազդեցությունն այստեղ:

Կարծում եմ, որ սահմանային վերջին սրացումները պայմանավորված են առաջին հերթին Թուրքիայի անուղղակի միջամտությամբ եւ տեղավորվում են վերը նշված զարգացումների տրամաբանությունում: Նախիջեւանյան ուղղությամբ սահմանային վերջին խախտումների հետեւում կրկին Անկարան է կանգնած:

-Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, արձագանքելով սահմանային իրավիճակին, նշել է, որ այդ գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: Ի՞նչ ազդեցություն են ունենում նման հայտարարությունները: Արդյոք դրանք ուղղված են նաեւ միջազգային հանրությանն ու Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի հայկական կողմի պատասխանից հետո նրանք, ինչպես միշտ, հավասարության նշան չդնեն կողմերի միջեւ:

-Հայկական կողմը չպետք է սահմանափակվի զուտ հայտարարություններով: Մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, որն ընդամենը մի քանի տարի առաջ` ապրիլյան գործողությունների ժամանակ, ոճրագործություններ իրականացրեց Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:

Հասկանալի է, որ ոչ այս եւ ոչ էլ նախկին հայտարարությունները, դժբախտաբար, չեն տալու անհրաժեշտ արձագանքներ: Այո, նման հայտարարությունները կոչ են նաեւ միջազգային հանրությանը եւ նախեւառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որպեսզի վերջիններս իրենց հայտարարություններով եւ գործողություններով զսպեն Ալիեւի արկածախնդրությունը:

Ցավոք սրտի, սակայն, նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները լավագույն դեպքում սահմանափակվում են չեզոք դատապարտող հայտարարություններով, որոնք չունեն իրավաքաղաքական գնահատական, չեն ենթադրում տնտեսական եւ այլ տեսակի պատժամիջոցների մեխանիզմներ: Կարծում եմ, որ այս հարցը պետք է բարձրացնել համանախագահների հետ բանակցություններում:

Ավելին՝ hetq.am-ում

x