Սուրեն Պապիկյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին:

Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանը հետհեղափոխական՝ այսօր արդեն տնտեսական զարգացման փուլում, կարևորում է Արևելյան Եվրոպայի ամենակայուն գործընկերներից մեկի հետ հարաբերությունների ընդլայնումը:

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր ընդգրկում է բոլոր ենթակառուցվածքներն ու համակարգման նոր ոլորտներ, և այս առումով Չեխիայի գործընկեր պետական և մասնավոր ոլորտային կառույցների միջև առկա է չօգտագործված զգալի ներուժ»,-ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը կոնկրետ ուղղություններով համագործակցության մեկնարկ կհանդիսանա:

Սուրեն Պապիկյանը նշել է, որ արդեն իսկ հաջողված օրինակներ կան տարածքային կառավարման ոլորտում՝ մասնավորապես՝ Վայոց ձորի մարզպետարանի և Կարլովարյան,Արմավիրի մարզի և Մորավսկո-Սիլեզյան երկրամասերի միջև, ինչպես նաև Տավուշի մարզի հետ, ինչը ընդլայնելու և խորացնելու կարիք կա:

Նախարարն անդրադարձել է Արևելյան գործընկերության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հնարավորություններին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բեդրիխ Կոպեցկին հավաստիացրել է, որ ջանք չի խնայի հայ-չեխական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու և համագործակցության նոր նախաձեռնություններին աջակցելու համար։

Հանդիպմանը քննարկվել են տարածքային կառավարման, տրանսպորտի, ճանապարհաշինության, թափոնների կառավարման, փոքր ավիացիայի և մի շարք այլ որոտներում համագործակցության ընդլայնմանը և նոր հնարավորություններին վերաբերող հարցեր:

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

x