21,5 հա հող ՊԵԿ-ին՝ Գյումրիում ավտոմաքսատուն ու արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար |civilnet.am|

civilnet.am։ Հայաստանի կառավարությւոնը սկսել է գործնական քայլեր ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու ուղղությամբ։ Ապրիլի 9-ին ՊԵԿ Արարատյան մաքսատուն կատարած շրջայցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ավտոմաքսատունը Երևանից տեղափոխել Գյումրի։ Սիվիլնեթը գրել էր, որ ՊԵԿ-ը չէր կատարում վարչապետի հանձնարարականը և ավտոմաքսատունը տեղափոխելու փոխարեն առաջարկում էր ստեղծել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն Գյումրիում։

Օգոստոսի 1-ին կառավարության նիստի օրակարգ է ընդգրկվել այս հարցը։ ՊԵԿ-ը,ըստ որոշման հիմնավորման, համատեղել է արտաքին տնտեսական գործունեության կենտրոն հիմնելու գաղափարը ավտամաքսազերծման գործընթացը Գյումրի տեղափոխելու հետ։ ՊԵԿ-ը նախնական ուսումնասիրություն է կատարել և պարզ է դարձել, որ նման կենտրոն հիմնելու համար անհրաժեշտ է 20 հեկտար մակերեսով հողատարածք, որից 4.5 հեկտարը բավարար է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի համար։

Որոշվել է, Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը հատկացնել ԱՏԳ կենտրոնի ու մաքսայի ձևակերպումների համար։ Ոստիկանության ստորաբաժանում այս կենտրոնում ևս տեղակայված է լինելու։ Գյումրիում այս կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է լինելու 181 միլիոն դրամ։

Բացի այս՝ ՊԵԿ-ը մեկ անձից գնման ընթացակարգով նախագծի պատրաստման, հողի ուսումնասիրության, երկրաբանական հետազոտությունների համար գնումներ է կատարելու «Ատրիում թիմ» ՍՊԸ-ին, «Հայնախագիծ» ՓԲԸ-ին ու Զավեն Բաբասյան անհատ ձեռնարկատիրոջը։

Հուլիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչ տարվա վերջ։

x