Պարոն Քոչարյանի մոտ կան իրականության որոշակի հալյուցինոգեն ընկալումներ, և կա հանրային բացարձակ կոնսենսուս |lragir.am|

lragir.am: Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը։

Պարոն Ավետիսյան, վերջին օրերին սահմանին լարվածությունն աճել է, ունեցել ենք զոհեր, սակայն ՀԱՊԿ-ից այս կապակցությամբ ոչ մի արձագանք չկա։ Նախորդ իշխանությունների ժամանակ կար այս խնդիրը, և նոր իշխանությունների դեպքում, կարծեք թե, ավանդույթը շարունակվում է։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։

Ես կարծում եմ, որ պետք է աշխատանք տարվի ՀԱՊԿ-ի հետ և նաև խորհրդարանական ձևաչափով, որը ՀԱՊԿ-ն ունի, հարցը բարձրացվի, ինչպես նաև բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ։ Բայց ես չէի ուզենա, որ մենք կենտրոնանանք ՀԱՊԿ-ից եկող սպասվելիք արձագանքների վրա։

Այդ բոլոր դեպքերը պետք է արագ գրանցվեն և տեղեկացվեն նաև համանախագահող բոլոր երկրներին, նաև ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որպեսզի հստակ լինի, որ Ադրբեջանն ապակառուցողական գործընթացների մեջ է։ Ինձ թվում է՝ նրանք կաշկանդված էին այն տրամաբանությամբ, որը բանակցություններում դրված է, պետք է մթնոլորտը լավացնել, նոր խոսել որևէ բանից։ Այդ մթնոլորտը փչացնելու դիտավորությունը հենց այն է, որ թույլ չտան այդ խաղը երկար շարունակվի։

Մամուլը գրում է, որ ՌԴ փոխարտգործնախարարի պաշտոնում Գրիգորի Կարասինին փոխարինելու երեք հավակնորդներից ամենահավանական է դիտվում Իվան Վոլինկինը: Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, որքանո՞վ է սա Հայաստանի համար վտանգավոր նշանակում։

Ռուսաստանի ԱԳՆ-ում կա առանձին հետխորհրդային տարածքով զբաղվող ստորաբաժանում։ Եթե պարոն Վոլինկինը լինի ԱԳ փոխնախարար, արդյոք իր պրոֆիլում է լինելու, թե ոչ։ Մենք սա էլ պետք է հաշվի առնենք։ Բայց նաև մենք պետք է հարգենք այն ընտրությունը, որ կատարում են մեր գործընկերները։ Սա իրենց ներքին գործն է, և այստեղ որևէ խնդրահարույց բան չեմ տեսնում։ Չեմ կարծում, որ դա որևէ կերպ կազդի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա։ Այդուհանդերձ, եթե կան հանցադրումներ, թե դեսպանը ինչպես է տեսել իրավիճակը, ԱԳ նախարարն ինչպես է տեսել, դրանք պետք է տարբերակվեն։ Այստեղ անելիքներ կան։

Վերջերս Ռուսաստանի պատգամավորների կողմից քննարկման ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանում կառավարման խորհրդարանական մոդելի անցնելուն, նրանք լուրջ վտանգներ են տեսել՝ բերելով Հայաստանի օրինակը և նկատել, որ դա այնքան էլ լավ տեղ չի տանում։

Ռուսաստանի մեր գործընկերները ազատ են ընտրելու այն քաղաքական համակարգը, որը հարմար են գտնում իրենց պետության կառավարման և զարգացման համար: Այստեղ մենք ասելիք չունենք։ Հայաստանում խնդիրը խորհրդարանական դառնալ-չդառնալը չէր։ Խնդիրն այն է, որ խորհրդարանականի սոուսի տակ ոմն անձ փորձում էր երրորդ ժամկետով կառավարել։ Այսինքն լիներ նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական, եթե Սերժ Սարգսյանը փորձելու էր երրորդ ժամկետի գնալ, ցնցումները լինելու էին։ Սա է մեխը, իսկ թե կառավարման համակարգն ինչպիսին է, դա երկրորդական էր։

 

Ավելին՝ lragir.am-ում

x