Կառավարությունը քննարկում է զբոսաշրջային փաթեթների ապահովագրության հարցը |civilnet.am|

civilnet.am: Կառավարության այսօրվա նիստին քննարկեց զբոսաշրջային փաթեթների ապահովագրության հարցը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի գործող օրենսդրությունը զբոսաշրջային գործակալություններին չի պարտադրում երաշխավորել իրենց պարտականությունների կատարումը։

Նախորդ շաբաթ հայաստանցի ավելի քան 130 զբոսաշրջիկ եգիպտական Հուրգադա հանգստավայրից չէր կարողանում վերադառնալ, քանի որ զբոսաշրջային «Էյ ընդ Ար Տուր» գործակալությունը ավիափոխադրողին չէր վճարել նրանց տեղափոխման համար։ Զբոսաշրջիկները Երևան վերադարձան կառավարության կազմակերպած և վճարած հատուկ չվերթով։

Անդրադառնալով այս թեմային՝ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ Զբոսաշրջության պետական կոմիտեն և էկոնոմիկայի նախարարությունը այժմ ուսումնասիրում են աշխարհում Հայաստանի նման տնտեսությամբ երկրների փորձը՝ հասկանալու, թե ինչիպիսի որոշումներ պետք է կայացվեն։

«Ճիշտը, իմ կարծիքով, տվյալ տուրիստական կազմակերպություններին իրենց ստանձնած քաղաքացիաիրավական պարտավորությունների կատարման առնչությամբ ապահովագրության պահանջի ներկայացումն է»,- ասաց նախարարը՝ ընգդծելով, որ զբոսաշրջային գործակալության կողմից պետք է լինեն երաշխիքներ սեփական պարտավորությունները կատարելու մասով։

Նախարարի խոսքով՝ այդ ապահովագրությունը չպետք է թանկ լինի ՀՀ քաղաքացիների համար։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը առաջարկեց մշակել կոնցեպտ։

«Կարծում եմ՝ խելամիտ սահմաններում այդ գումարը մեր քաղաքացիները պատրաստ կլինեն վճարել և խուսափել հյուրանոցի սպասասրահում սպասելու ռիսկից։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ պետությունը և կառավարությունը իր կողքին է որտեղ էլ նա լինի։Հուրգադայի դեպքը խոսում է ինստիտուցիոնալ բացի մասին, որը պետք է լրացնել»։

x