Ոստիկանները բացահայտել են Իջևանում կատարված ապօրինությունները

ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենի թույլ տված ապօրինությունների վերաբերյալ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Տավուշի մարզային վարչությունների և Իջևանի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականին Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենը հաստատությունում որպես մեթոդիստ գրանցել է մի անձի, որը փաստացի աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 644․000 դրամ, տնօրենը վատնել է։

ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված մեկ այլ օպերատիվ տվյալների համաձայն՝ «Իջևանի վերնատուն» պատկերասրահի նախկին տնօրենն է չարաշահումներ թույլ տվել։ Ոստիկանության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա 2016-ից 2018 թվականներին ամուսնու և երեխաների հետ բնակվել է մայրաքաղաքում ու փաստացի աշխատանքի չի ներկայացել, սակայն ստացել է ընդհանուր 5․000․000 դրամ աշխատավարձ։

Բացի այդ, պարզվել է, որ աշխատանքի չի ներկայացել նաև պատկերասրահում որպես լրագրող գրանցված մի աշխատակից։ Նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3․000․000 դրամ, տնօրենը վատնել է։

Դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել։

Հանգամանանքերը նախաքննությամբ պարզվում են։

 

ՀՀ ոստիկանություն

x