Թեղուտ ՓԲԸ հաջողված վերագործարկումը և ժառանգած խնդիրների հաղթահարումը. պարզաբանում |hetq.am|

hetq.am։ Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատու` Լոռու մարզի ամենամեծ գործատուներից մեկը հանդիսացող «Թեղուտ» ՓԲԸ հաջողությամբ վերագործարկվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում և նվազագույն բյուջեի սահմաններում:

Ս.թ. հունիսի 18-ին ընկերությունը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից ստացել է բացահանքի արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունը, որից հետո վերսկսվել է հանքի շահագործումը, իսկ ս.թ. հուլիսի 8-ին՝ հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարային տնտեսության արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունները, ինչից հետո պատշաճ կերպով վերսկսվել են նաև հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքները:

Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ միակողմանի հոդվածներով և ճչացող վերնագրերով փորձում են թյուրիմացության մեջ գցել հանրությանը՝ այդ կերպ արդարացնելով նախորդ սեփականատերերի կողմից «Թեղուտ» ՓԲԸ աշխատանքների դադարեցումը և ազդակիր համայնքների բնակչությանը անելանելի ծանր սոցիալական վիճակի մեջ գցելու փաստը:

Հարկ է նշել, որ 2018թ.-ին ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը պոչամբարի հետ կապ չունեցող պատճառով՝ կանգնելով պլանային-վերանորոգման աշխատանքների երկու շաբաթով (համաձայն գլխավոր տնօրենի 2018թ. հունվարի 12-ի հրամանի), իսկ 2018թ․ հունվարի 30-ին ծանուցել աշխատողներին աշխատանքային պայմանագրերը գործատուի նախաձեռնությամբ լուծելու մասին՝ միաժամանակ չսպասարկելով VTB բանկին (այսուհետ՝ Բանկ) շուրջ 380 մլն դոլարի չափով վարկային պարտավորությունը:

Առաջին անգամ պոչամբարի կայունության հնարավոր ռիսկի մասին նախկին ղեկավարությունը բարձրաձայնել է 2018թ․ հուլիսին, երբ արդեն ակնհայտ էր, որ բանկը ստիպված է վերցնել ընկերության բաժնետոմսերը՝ նախկին սեփականատերերի կողմից իր առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով, իսկ պետական ատյաններին ընկերության գործունեության դադարեցման մասին նախկին ղեկավարությունն առաջին անգամ ծանուցել է նամակով՝ 2018թ․ հունիսի 7-ին (դադարից 5 ամիս անց)՝ չնշելով պոչամբարի հետ կապված խնդիրը:

Հատկանշական է, որ չնայած մասնագետների զգուշացումներին, ընկերության նախկին ղեկավարությունը՝ անտեսելով դրանք, ևս 8 ամիս շարունակել է վերամշակել հանքաքար՝ 8.2 մլն տոննա (1038 տ/ժ) տարեկան արտադրողականությամբ, ընդհուպ մինչև 2018թ․ հունվարին արտադրության դադարեցումը, գերազանցելով նախագծային ցուցանիշները 1.2 մլն տոննայով այն պարագայում, երբ նախագծով թույլատրված արտադրողականությունը կազմում է 7 մլն տոննա տարեկան:

Արդյունքում առաջացել է պոչամբարի կայունության չափանիշների շեղում նախագծային ցուցանիշներից հետազոտությունների իրականացման ողջ ընթացքում, ինչն էլ փաստում են Global Resource Engineering (GRE) և ավստրալական ATC Williams խորհրդատվական ընկերությունների հաշվետվությունները:

2017թ․ մայիս և սեպտեմբեր ամիսներին «Թեղուտ» ՓԲԸ կատարած այցերի արդյունքում GRE և ATC Williams խորհրդատվական ընկերությունների մասնագետների կողմից կազմվել է երկու հաշվետվություն։ Վերոնշյալ ընկերությունների մասնագետների այցից մինչ այժմ տեղի են ունեցել մի շարք գործոնների փոփոխություններ, և այն հիմնական գործոնները, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ պոչամբարի կայունության վրա էականորեն փոխվել են։

 

Ավելին՝ hetq.am-ում։ 

x