Լեգիտիմությունը չպետք է սպանել, լեգիտիմությունը պետք է ամրապնդվի համակարգային փոփոխություններով |lragir.am|

lragir.am։ Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Պարոն Սաքունց, Քոչարյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել է քաղաքական իրավիճակին, հայտարարել, որ աշնանը արտահերթ գործընթացներ են սկսվելու, ընդդիմությունը միավորվելու է «կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքով։ Կարծում եք՝ իսկապես Քոչարյանը ցանկություն ունի վերադառնալու քաղաքականություն և հաշվարկե՞լ է հանրային սպասումներն այս մասով։

Մեղադրյալ Քոչարյանն ուղղակի հերթական անգամ ցույց է տալիս, որ ամեն կերպ փորձում է հանդես գալ կամ ընկալվել որպես քաղաքական գործիչ, և իր կողմից Հայաստանի պետության և ՀՀ քաղաքացիների դեմ կատարած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու միակ ճանապարհը գտել է քաղաքական հարթության մեջ գտնվելը, որպեսզի դրանով փորձ անի քրեական և քաղաքական բաղադրիչները համատեղի ու թացն ու չորը խառնելու մեթոդով խուսափի պատասխանատվությունից։

Բայց, իմ համոզմամբ, այդ բոլոր ջանքերն ապարդյուն են։ Իհարկե, ես հասկանում եմ իր շարժառիթը, բնականաբար, ցանկացած մարդ, որ մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ, փորձում է խուսափել պատասխանատվությունից։ Խոսքը մի մարդու մասին է, որի գործողությունները բոլորի աչքի առաջ են եղել, նաև տեսանելի ու հրապարակային են եղել այդ գործողությունների հետևանքով մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները, և մի քիչ դժվար է թաքնվել կամ խուսափել պատասխանատվությունից։

Հասկանալի է, որ այդքան տարի վայելելով միակ տղամարդու և երիտասարդ թոշակառուի կարգավիճակը, նա չէր ցանկանա, որ դա փոխարինվեր ծանր հանցագործությունների համար ազատազրկվածի կարգավիճակով։

Ձեր կարծիքով՝ ո՞ր քաղաքական ուժերն են Քոչարյանի հենարանը։ Արդյոք արտախորհրդարանական այն 7 քաղաքական ուժերն են, որոնք հայտարարություն էին տարածել և իրենց անհամաձայնությունը հայտնել դատաիրավական բարեփոխումների առումով։

Մի քիչ անհասկանալի է, թե արդյոք տեղին է նման հարցադրումը Քոչարյանի դեպքում, որովհետև ինքը նախագահական ընտրություններում առաջադրվելու սկզբից, ի դեպ, դրա համար չունենալով անհրաժեշտ իրավական հիմքերը, որովհետև 10 տարի ՀՀ քաղաքացիություն չուներ, նա հանդես եկավ «իմ կուսակցությունը ժողովուրդն է» հայտնի պոպուլիստական կոչով։

Հետևաբար, հիմա ասել, թե որ կուսակցությունն է Քոչարյանի քաղաքական հենարանը, ժամանակին ինքն է այդ հարցադրումն անիմաստ համարել։ Պրակտիկան, երբ ինքը գտնվում էր նախագահի պաշտոնում, և միայն այդքանով է սահմանափակված քաղաքական գործունեությունը Հայաստանում, ցույց է տալիս, որ քաղաքական հենարան նրա համար հանդիսացել են այն կուսակցությունները, որոնք համաձայնել են ներգրավվել համակարգային կոռուպցիայի մեխանիզմով իշխանության մեջ՝ անձնական բարիքներ ունենալու ակնկալիքներով։

Եվ այս առումով ինձ համար մի քիչ տարօրինակ է, թե որ քաղաքական ուժերը կարող են լինել։ Կարող եմ ենթադրել, որ երևի թե այն քաղաքական ուժերը, որոնք պետության զավթման նախորդ ժամանակահատվածում մասնակից են եղել կամ առնվազն լուրջ մտահոգություններ ունեն համակարգային կոռուպցիայի մեխանիզմով պետության զավթման կամ դրա հիմքով հնարավոր պատասխանատվության ենթարկվելուց խուսափելու միտումով։

Եվ, բնականաբար, նման ուժերը կարող են լինել Քոչարյանի կամ փորձել հանդես գալ որպես Քոչարյանի քաղաքական հենարան դարձյալ այն տրամաբանությամբ, որ փորձ անեն խուսափել եթե ոչ իրավական, ապա գոնե քաղաքական պատասխանատվությունից՝ միախառնելով քրեական և քաղաքական գործոնները, որոնք մշտապես գոյություն են ունեցել ՀՀ-ում նախորդ ժամանակահատվածում և իրենց ամբողջացումը ստացել են ՀՀԿ կառավարման տարիներին։

 

Ավելին՝ lragir.am-ում

x