Արարատի 11 գյուղից միայն մեկում են կերակրում արագիլներին. թռչուններն առայժմ «հետիոտն» են |hetq.am|

hetq.am: -Պարոն Մկրտչյան, լրագրողը հարցնում է՝ իրավական խնդիր չե՞ք ունենալու, որ կերակրում եք արագիլներին,- լսափողից այն կողմ գիտնական Մամիկոն Ղասաբյանը դիմում է Արարատի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավար Սուրեն Մկրտչյանին:

-Պարոն Մկրտչյան, լրագրողը հարցնում է՝ իրավական խնդիր չե՞ք ունենալու, որ կերակրում եք արագիլներին,- լսափողից այն կողմ գիտնական Մամիկոն Ղասաբյանը դիմում է Արարատի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավար Սուրեն Մկրտչյանին:

-Դե, հիմա գյուղապետը Ձեզ հարց է տալիս՝ ո՞նց եք մոտենում այդ հարցին,- կրկնում է իմ զրուցակից գիտնականը:

Արարատի մարզի մի շարք գյուղերում արդեն մի քանի շաբաթ է, ինչ արագիլները դարձել են «հետիոտն»՝ շրջում են սեւացած, յուղային շերտով ծածկված, թուլացած, սոված, չեն կարողանում թափահարել թեւերը, իսկ ձագերն ավելի վատ դրության մեջ են. չկարողանալով թռչել՝ սպասում են ծնողների բերած կերին, որոնք, սակայն, չեն կարողանում հասնել բներին: Հովտաշենցիներն սկսել են օրական երկու անգամ ձկներով կերակրել թռչուններին, որոնց մի մասին համարում են «իրենց տան արագիլներ»:

Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը մեկ շաբաթ առաջ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ստեղծված իրավիճակում առաջնահերթ է արագիլների կերակրման հարցը լուծելը, սակայն նշել էր, թե Հովտաշենի գյուղապետի տեղեկացմամբ՝ դրա համար թույլտվություն է անհրաժեշտ, քանի որ արագիլները վայրի թռչուններ են:
Այդուհանդերձ, հովտաշենցիներն սկսել են ձկներով կերակրել գյուղի փողոցներում անցուդարձ անող սոված արագիլներին:

Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Մամիկոն Ղասաբյանը նկատում է, որ արագիլների կերակրման հարցը պետականորեն պետք է լուծվի, այլ ոչ թե կետային: Ասում է՝ ենթադրենք, Հովտաշենում կերակրում են թռչուններին, իսկ մյուս համայնքներում կատարվո՞ւմ է նույնը:

Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հուլիսի 28-ին հայտնել էր, թե Հովտաշենում տեղական ինքնակառավարման մարմինը շատ պատասխանատու է մոտենում թռչունների կերակրմանը, միաժամանակ նշել էր, որ արագիլներին նոր ռեագենտներով մաքրելն ավելի արդյունավետ է, քան նախորդ մեթոդը (տնտեսական օճառի լուծույթ). «Այնպես որ հաջորդ կիրակի (օգոստոսի 4-ին) մենք ստիպված կլինենք կազմակերպել մեծ լվացք արագիլների համար»:

Վարչական վարույթը հնարավոր է քրեական գործի հիմք դառնա

Նախորդ շաբաթ գրավոր հարցում էինք ուղարկել կառավարությանը ենթակա բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արմեն Հակոբյանը հայտնել է, որ Արարատի մարզում արագիլների՝ սեւացած յուղի շերտով ծածկված լինելու փաստի վերաբերյալ իրենք տեղեկատվություն են ստացել հուլիսի 11-ին, իսկ դրանից 6 օր անց պաշտոնապես տեղեկացվել են էլեկտրոնային հաղորդագրությամբ:

«Թռչունների աղտոտվածության պատճառը Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում յուղային շերտի առկայություն է,- նշել է Ա. Հակոբյանը,- կատարվել են Հրազդան գետի եւ շրջակա ջրանցքների ջրի նմուշառումներ, կատարվել են լաբորատոր հետազոտություններ։ Ուսումնասիրություններ են կատարվում այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որտեղից կարող է լինել վերոնշյալ նյութերի արտահոսքը»:

Այս կցկտուր պատասխանից հետո զանգահարել ենք տեսչական մարմին, որտեղից մեզ հայտնեցին, թե իրականում իրենք հսկայական աշխատանք են տանում: Տեսչական մարմնի կենդական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանը  հեռախոսազրույցում հայտնել է, որ բազմաթիվ նմուշառումներ են արել Արարատի մարզի այն համայնքներում, որտեղ շատ են կեղտոտված արագիլները: Նմուշառումներ արվել են համայնքների ջրային տարածքներից՝ Հրազդան գետից, ջրանցքներից, դրանց ճահճացած հատվածներից, որտեղ, թերեւս, արագիլները եկել ու կեղտոտվել են:

Լաբորատոր ուսումնասիրությունից առայժմ պարզվել է, որ թռչունները կեղտոտվել են սննդային յուղով, բայց թե կոնկրետ ինչ յուղ է, եւ որ տնտեսվարողից է եղել դրա արտահոսքը, տեսչական մարմինն առայժմ չի կարող հայտնել, ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:

Ա. Բեգլարյանի փոխանցմամբ՝ տեսչական մարմինն առաջին ահազանգից հետո վարչական վարույթ է հարուցել, եւ եթե քրեական հատկանիշներ լինեն, ապա գործն ուղարկելու են իրավապահ մարմիններին:

Արագիլների անկման փաստեր, ըստ Բեգլարյանի, տեսչական մարմինն առայժմ չունի: Չնայած բնապահպանների մի մասը ստեղծված իրավիճակը էկոլոգիական աղետ է համարում, բաժնի պետը չցանկացավ որակում տալ՝ նշելով, որ դրա համար պետք է ունենալ գիտական հիմնավորում, որի մասին կհայտնեն առաջիկայում:

«20 տոկոսն է յուղանյութ»

Կենդանաբան Մամիկոն Ղասաբյանը նշում է, որ դիտարկել է մայրաքաղաքից հետո Մասիսի ու Արտաշատի տարածաշրջանների գյուղերով հոսող Հրազդան գետը, որը կեղտոտվում է Երեւանի «Աերացիա» կայանից, միաժամանակ գետից «կանալիզացիայի» հոտ է գալիս, սակայն, ըստ գիտնականի, գետում յուղային արտանետումներ չի նկատել, փոխարենը «կլոր, սեւ բաներ կային, որոնք պայթում էին՝ պղպջակներ թողնելով», բայց հստակ չի կարող ասել, թե ինչ նյութ է:

Նախարարի իրավախորհրդատու Կ. Աղաբաբյանը «Ֆեյսբուքում» հուլիսի 28-ին գրել էր. «Ըստ երեւույթին, աղտոտման աղբյուրը թառափի ձկնաբուծարաններն են, որոնք գետերի մեջ են գցում ձկների ներքին օրգանները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ յուղ: Այս արտանետումները ձեւավորում են ջրանցքներում խցանում, եւ այդ կետերում արագիլները սննդամթերք են փնտրում՝ հայտնվելով ձկան յուղի մեջ եւ մնացած բոլոր հետեւանքներով: Այս վարկածը պահանջում է հաստատում, որից հետո ձկնաբուծարաններին պետք է պարտադրվի ջրանցքների մաքրում եւ իրենց թափոնները կառավարելու այլ միջոցներ»:

Մամիկոն Ղասաբյանն իր հերթին նշում է, որ ձկնաբուծարանների արտանետումները կարող են լինել աղտոտման պատճառներից մեկը. «Ձկնաբուծարանը կարող է լինել մի մասը, սակայն հնարավոր է, որ պահածոյի գործարանից լինի, խոշոր անասունների մնացորդներ կամ ճարպեր լցնելուց լինի, այդ տարածքում նաեւ խոզաբուծարաններ կան»: Այդուհանդերձ, հստակ պատճառը պետք է պարզվի լաբորատոր փորձաքննության արդյունքում:

«Մեծ արագիլները հիմնականում տակից են կեղտոտված, իսկ փոքրերը՝ ձագերը, գլխից բռնած ամբողջությամբ կեղտոտված են,- ասում է կենդանաբանը,- դա նշանակում է, որ մեծերը գնում գետով կերակրվում են, այնտեղ կեղտոտվում եւ գալիս նստում են ձագերի վրա, դրա պատճառով ձագերը գլխից սկսած ամբողջությամբ յուղի մեջ կորած են»:

Ղասաբյանի գործընկեր Լյուբա Բալյանն ուշադրություն է հրավիրում հետեւյալ հանգամանքի վրա. լաբորատորիան առաջին նմուշառումից պարզել է, որ կեղտի 20 տոկոսն է յուղանյութ, իսկ թե ինչ է մնացած 80 տոկոսը, չի պարզվել:

Կենդանաբանության ինստիտուտը, ըստ Լ. Բալյանի, արագիլի եւս երկու փետուր է փոխանցել տեսչական մարմնին, որպեսզի դրանք այլ լաբորատորիայում ուսումնասիրվեն: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ այս անգամ ակնկալում են համապարփակ տեղեկություններ ստանալ:

Քիչ առաջ տեսչական մարմինը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրեց, որ Արարատի մարզի Սիս եւ Նորամարգ համայնքների վարչական տարածքների խաչմերուկում գտնվող Հրազդան գետի աջափնյա կոլեկտորում իրականացվում են պարենային յուղի հաստ շերտով պատված կեղտաջրերի մաքրման աշխատանքներ: Ըստ հայտարարության՝ կեղտաջրերը արագիլների աղտոտման հավանական աղբյուր են:

 

Ավելին՝ hetq.am-ում

x