«200-300 մետր թեկուզ գրունտային ճանապարհ ենք ուզում»․ Լուկաշինի բնակիչների խնդիրը կքննարկվի քաղաքապետարանում

Լուկաշին 35/43 հասցեում բնակվող Հայկանուշ Սարգսյանը բաց նամակ է ուղղել Վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նշելով, որ արդեն 1 տարուց ավել է՝ գրավոր և բանավոր ձևով ինքը և տարածքի մյուս բնակիչները դիմում են ՏԻՄ-ին և Երևանի քաղաքապետարանին իրենց՝ անանցանելի փողոցը բարեկարգելու խնդրանքով, սակայն խնդիրն առկախ է մնացել։

«Մեր բազմաթիվ խնդրանքների առանցքում 200-300 մետր գրունտային ճանապարհ ունենալն է՝ մեկ մեքենայի լայնությամբ, սակայն մեզ պատասխանում են մոտ 18-25 հեկտար տարածքում նախատեսվող ճանապարհաշինարարական աշխատանքների, կոյուղացման, ջրաֆիկացման, հոսանքամատակարարման, արտաքին լուսավորության համապատկերում»։

Աջափնյակի թաղապետարանի Կոմունալ բաժնի պետ Ռոման Ալոյանը մեկնաբանեց, որ իրենք համապատասխան միջնորդագիր են ներկայացրել քաղաքապետարան՝ նշելով, որ այդ հատվածի ենթակառուցվածքները՝ ինչպես գազը, լույսը, ջուրը, այնպես էլ ճանապարհները նորոգված չեն, դիմելով վերը նշվածն ընդգրկել հիմնախնդիրների ցանկում։

Ըստ Ալոյանի՝ խոսքը միայն 200-300 մետր ճանապարհի մասին չէ, տարածքն ամբողջությամբ պետք է բարեկարգվի մեծ ներդրումների հաշվին։ «Նշված տարածքում կոյուղի և ջուր չկա։ Ենթակառուցվածքները մինչև չլինեն, ճանապարհի մասին խոսելն ավելորդ է․ խնդիրը պետք է հերթականությամբ լուծվի։

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը ասաց, որ այս խնդրի վերաբերյալ օգոստոսի 5-ին խորհրդակցություն է լինելու վարչությունում, ինչից հետո կկարողանան հստակ ներկայացնել հետագա քայլերը։

Բաց նամակի բովանդակությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Բաց նամակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի Վարչապետ:

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ես ընտանիքիս հետ համարձակություն ունեմ բնակվելու Լուկաշին 35/43 հասցեում: Այո, համարձակություն, որովհետև այս տեղանքում բնակվելն արդեն համարձակություն է, էլ չեմ ասում՝ այն փողոց անվանելը կամ էլ աղբակույտերի ու քարակույտերի վրայով երկու անչափահաս երեխաներին դպրոց հասցնելը: Մեկ տարվա ընթացքում Ճանապարհ և այս թաղամասում բնակության նվազագույն պայմաններ ունենալու ակնկալիքով բազմիցս թե՛ գրավոր և թե՛ բանավոր դիմել ենք և՛ տեղական ինքնակառավարման մարմիներին, և՛ Երևանի քաղաքապետին Հայկ Մարության ու քաղաքապետարանի պատկան մարմիններին:

Արդյունքում հավաքեցինք մի տրցակ լղոզված պատասխաններ, որոնք ոչ մի հստակություն չեն մտցնում այդ փողոցում բնակվողների կենսապայմանների բարելավման հարցում: Հանուն ճշմարտության պիտի ասել, որ տեղանքն ուսումնասիրելու եկան շատ հարգարժան բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչության պետ, թաղապետ, ավագանի... (ում մեքենաները չհասան մինչև խնդրո առարկա հատվածը), ճոխ-ճոխ խոստումներ տվեցին, գնալուց հետո էլ մեր դիմումներին ու նամակներին պատասխանեցին, սակայն բոլոր պատասխաններում էլ մեր բարձրացրած օրախնդիր հարցերն առկախ մնացին «առաջիկա տարիներից», «միջոցների առկայությունից», իսկ վերջին պատասխանից պարզ դարձավ, որ հարցը քաղաքապետարանում քննարկելու համար նույնիսկ «բավարար ծավալներ առկա չեն»:

Հարգարժան Վարչապետ, արդյոք իմ երեխաները առնվազն մա՞րդ չեն և պիտի դպրոց գնան օդով թռչելո՞վ, եթե Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությանը զուգընթաց հարակից հողատերերը ցանկապատում են իրենց տարածքները (իրենց իրավունքն է) և ճանապարհանման արահետը մնում է այդ տարածքներում: Քաղաքապետարանը նույն սառնասրտությամբ մեր այս խնդիրն առկախում է վեը նշվածից՝ բնակիչներին չառաջարկելով գոնե ժամանակավոր այլընտրանք:

Թե՞ ՀՀ քաղաքացի չեն... որպեսզի կարողանան օգտվել ՀՀ քաղաքացիների համար Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավասություններից: Արդյո՞ք ես ու իմ ընտանիքի անդամները, ինչպես նաև թաղամասի մյուս բնակիչները հասարակ տաքսիով տուն հասնելու իրավունք չունեն, էլ չեմ ասում շտապ օգնության ու մյուս ծառայությունների հասանելիության մասին:

Մեր բազմաթիվ խնդրանքների առանցքում 200-300 մետր գրունտային ճանապարհ ունենալն է՝ մեկ մեքենայի լայնությամբ, սակայն մեզ պատասխանում են մոտ 18-25 հեկտար տարածքում նախատեսվող ճանապարհաշինարարական աշխատանքների, կոյուղացման, ջրաֆիկացման, հոսանքամատակարարման, արտաքին լուսավորության համապատկերում, և հիմնավորում, որ մենք ենք մեղավոր, որ մինչ վերոնշյալ աշխատանքները կատարելն ենք բնակություն հաստատել այստեղ:

Ստացվում է, որ փաստացի մենք ենք մեղավոր, որ գերադասել ենք պայքարել ամեն գնով Հայրենիքում մեր իրականությունը կառուցելու, Հայրենիքում ապրելու և աշխատելու համար և համառորեն չենք հետևել Հայրենիքից հեռացողների օրինակին: Կամ որ ավելի արժանապատիվ ենք համարել սեփական միջոցներով կառուցել՝ պետությունից չստանալով և չակնկալելով ոչ մի լումա սուբսիդավորում... Մտածելով, որ պետությունը հենց այն մյուս խնդիրները պիտի լուծի, որոնց համար դիմել ենք և որոնք, թերևս, պարտավոր էին ապահովել գոնե հարկատուներիս հաշվին:

Ի դեպ, անվտանգության նկատառումներով այդ տեղանքում գոնե 1-2 լուսատու տեղադրելու խնդրանքին էլ «հիմնավորապես պատասխանել են» սնման կետ չլինելու և մյուս տեղաբնակների կողմից հնարավոր դժգոհության համապատկերում, ինչն առնվազն ապացուցում է, որ մեզ պատասխանողը բոլորովին տեղյակ չէ ոչ խնդրից, ոչ էլ տեղանքի և այնտեղ բնակվողների մասին որևէ պատկերացում ունի. առնվազն 700մ շառավղով ոչ մի բողոքող չկա, որովհետև բնակվողներ չկան, մնացածները դիմումատուների շարքում են: Ինչ վերաբերում է սնման կետին, ապա մենք նույնիսկ առաջարկել ենք մեր հոսանքագծից օգտվել, մինչդեռ...

Արդյո՞ք սա լուրջ մոտեցում է, երբ խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացիների կյանքին և անվտանգության ապահովմանը:

Արդյո՞ք պարտադիր պայման է պատահարների առկայությունը, որպեսզի խնդիրն ուշադրության արժանանա:

Արդյո՞ք պարտադիր պայման է հայրենադարձ լինելը որպեսզի գոնե մոտ 1-2 ժամ մեր՝ հարկատուներիս հաշվին այստեղ էլ աշխատի տրակտորը:

Արդյո՞ք պարտադիր պայման է ճանապարհ փակելը. մենք դրա հնարավորությունից զրկված ենք. մեր խնդիրը բացելն է, որն արդեն տարուց ավելի փորձում ենք լսելի դարձնել պատկան մարմինների՝ գնալով ավելի խլացող ականջներին:

Մի՞թե խնդիրը հստակ չէ. իմ Հայրենիքում ապրելու և աշխատելու ճանապարհ եմ ուզում, ամենաիսկական, ամենասովորական ճանապարհ, 200-300մ ՝ մեկ մեքենայի լայնությամբ, թեկուզ գրունտային ճանապարհ, որը չի անցնի ուրիշների հողատարածքների վրայով:
Կանխավ շնորհակալություն:

Հարգանքներով՝ Հայկանուշ Սարգսյան
Լուկաշին 35/43 հասցեի բնակիչ»։


Սամվել Շահնազարյան

x