Իտալիայի վարչապետը օգնություն է առաջարկել Ռուսաստանի անտառային հրդեհների դեմ պայքարում |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն պատրաստակամություն է հայտնել օգնել Ռուսաստանին անտառային հրդեհների դեմ պայքարում: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հետևելով Սիբիրում հրդեհների հետ կապված դրամատիկ իրավիճակին՝ առաջարկել եմ Ռուսաստանի Դաշնությանը համագործակցել քաղաքացիական պաշտպանության մեր դեպարտամենտի հետ՝ տրամադրելով երկու Canadair ինքնաթիռ և հույս ունենալով, որ իրադրությունը շուտով կկարգավորվի»,- գրել է վարչապետը:

Canadair-ը հատուկ մասնագիտացված ինքնաթիռներ են, որոնք օգտագործվում են հրդեհների մեկուսացման նպատակով:

Վերջին տվյալներով Ռուսաստանում այրվում է ավելի քան 3 մլն հեկտար անտառ: Ըստ ԱԻՆ տեղեկությունների՝ ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Իրկուտսկի շրջանում, Բուրյաթիայում, Յակուտիայում, Կրասնոյարսկի շրջանում:

x