Շանգալի եզդիների ցեղասպանությունից 5 տարի անց էլ եզդիները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. Ռուստամ Բաքոյան |tert.am|

tert.am: Շանգալի եզդիների ցեղասպանությունից 5 տարի է անցել, սակայն, ցավոք, եզդիները դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և կյանքի բարելավման համար անհրաժեշտ փոփոխություններ այդպես էլ մինչև օրս չեն կատարվում: Նման հայտարարություն արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Նա նկատեց, որ օրհասական մի շարք խնդիրներ կան, որոնք պահանջում են շտապ լուծումներ, օրինակ՝ ճամբարներում հիվանդությունները շատ են, կրթության բացարձակ ոչ մի որակ չկա, նույնիսկ տառաճանաչության խնդիր գոյություն ունի: Այս ու եզդի ժողովրդի առջև ծառացած մի շարք խնդիրներ լուծում կգտնեին, եթե լիներ եզդիական միասնություն, կարծում է Ռուստամ Բաքոյանն ու ցավով արձանագրում, որ մինչև այս պահն այդպիսի միասնություն գոյություն չունի:

«Եզդիական միասնություն մինչև այս պահը գոյություն չունի, որովհետև տարբեր քաղաքական ուժեր միշտ փորձել են ու հիմա էլ փորձում են եզդիներին պառակտել, և դա իրենց հաջողվում է: Միասնական չեն եզդիներն այս հարցում, որպեսզի կարողանան միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններին ներկայացնեն իրենց խնդիրները և աշխատանք տանեն այս ուղղությամբ»,- ասաց ազգությամբ եզդի պատգամավորը:

x