Հայ ժողովուրդն է իր ճակատագրի որոշողն ու պատասխանատուն. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Համահայկական խաղերին ընդառաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաք կազմակերպելու նպատակն է ուղերձ հղել հայությանը, անդրադարձ կատարել մի քանի կարևոր հարցերի: Վերածննդի հրապարակում իր ելույթում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խոսվում է այն մասին, թե 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը նոր իրողություններ է հաստատել ՀՀ-ում: Խոսվում է այն մասին, որ այս նոր իրողություններն իրենց ուղղակի ազդեցությունը պետք է ունենան Սփյուռքի և Արցախի կյանքի վրա: Այսօր քննարկվում է, թե ինչպիսին պետք է լինի այդ ազդեցությունը: Դրա համար նախ պետք է գնահատել հեղափոխության էությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ 2018 թվականի իրադարձությունները կոչվում էին ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Ըստ նրա՝ անվանումը խոսում այն մասին, որ ինչպես պլանավորվել էր, այնպես էլ հեղափոխությունն իրականացվեց ոչ բռնությամբ: Հեղափոխությունը ցնցումներ չբերեց որևէ ոլորտում՝ սկսած բանկային համակարգից, վերջացրած տնտեսությամբ ու քաղաքականությունով:

«Ժողովրդական բառն ընդգծում է ժողովրդին, որը հանդես եկավ որպես հեղափոխության շահառու: Որ ժողովրդի մասին է խոսքը, արդյո՞ք խոսքը միայն Հայաստանի ժողովրդի մասին է: Այս հարցի պատասխանը տալիս է ՀՀ սահմանադրության նախաբանը»,-ասաց ՀՀ վարչապետը: Նա մեջ բերեց այդ հատվածը Սահմանադրությունից. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները, համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված Հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունն ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը՝ հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է ՀՀ սահմանադրությունը»:

Վարչապետը նշեց, որ Սահմանադրության նախաբանով արձանագրվում է, թե ով է ՀՀ-ի հիմնադիրը, ավելի արտահայտիչ՝ սեփականատերը: Ըստ նրա ՝ արձանագրումը միանշանակ է՝ հայ ժողովուրդն է իրավատերը, իր ճակատագրի որոշողն ու պատասխանատուն: Սա մի գիտակցություն է, որը նստած է յուրաքանչյուր հայի մեջ:

«2018 թվականի հեղափոխությունը նաև դրա ապացույցն է: Զարգացումները չսահամանափակվեցին միայն Հայաստանով: Հեռավոր քաղաքներում ապրող հայերը հրապարակային միջոցառումներով, սոցիալական ցանցերում ակցիաներով ունեցած իրեն ներդրումը: Շատերը եկան Հայաստան և իրենց համայնքների ներկայությունն ապահովեցին Երևանում: Իսկ ինչպիսի՞ դեր է ունեցել Արցախը: Հազարավոր արցախցիներ, ուսանողներ, քաղաքական գործիչներ ակտիվորեն ներգրավված են եղել հեղափոխության գործընթացներին: Բավական է ասել, որ ամենաակատիվ դեմքերից մեկը Ազգային անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղարը, ով հաշվառված էր Արցախում, մասնակցել է որպես Արցախի հպարտ քաղաքացի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այն, որ հեղափոխության օրերին արցախցին կարողացավ ամուր կայունություն ապահովել առաջնագծում, աննկարագրելի զորություն և վստահություն տվեց Հայաստանին հեղափոխությանը: Առաջնագծում ցանկացած սադրանք կարող էր գլխիվայր շրջել գործողությունների տրամաբանությունը և բերել անկանխատեսելի հետևանքների: Վարչապետն ընդգծեց, որ եթե հեղափոխությունից առաջ և հետո Հայաստանն է կանգնած Արցախի թիկունքին, ապա 2018 թվականի հեղափոխության ժամանակ Արցախը կանգնեց Հայաստանի ու հեղափոխության թիկունքին՝ մեծ ուժ տալով այդ գործընթացին: Դա չափազանց բարձր գնահատանքի արժանի իրողություն է:

«Այս ամենն ասում եմ ոչ ամենևին պատմական էքսկուրսի համար: Երբ ասվում է ժողովրդական հեղափոխություն պետք է հասկանալ համահայկական հեղափոխություն: Իր հերթին համահայկական հեղափոխություն նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել համայն հայության շրջանում, համայն հայության մեջ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ հեղափոխության արժեքները համահայկական են: Հեղափոխությունը տեղի ունեցել, սակայն չի ավարտվել, որովհետև արժեքների ամրագրումը տևական պրոցես է, որը պետք է շարունակվի Հայաստանում, Արցախում, Սփյուռքում»,-հավելեց նա:

x