Կառավարությունը հայտարարում է արտաքին պարտքի նվազման մասին՝ չնշելով ներքին պարտքի աճը |hetq.am|

hetq.am: Կառավարությունը երեկ հայտարարություն է տարածել այն մասին, որ 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է Հայաստանի արտաքին պետական պարտքի նվազման միտում:

«2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով»,- նշված է կառավարության ֆեյսբուքյան էջում, որին կցված է նաև ինֆոգրաֆիկա, որը ցույց է տալիս արտաքին պարտքի դինամիկան եռամսյակային կտրվածքով` սկսած 2015 թվականից։

Այս հաղորդագրությունը տարածվում է «Ֆեյսբուքում» տարբեր օգտատերերի կողմից՝ որպես կառավարության արդյունավետ աշխատանքի արդյունք։ Արտաքին պարտքի որոշակի նվազումը, իհարկե, դրական երևույթ է տնտեսության համար։

Սակայն պետք է նկատել, որ իր հայտարարության մեջ կառավարությունն «անկեղծ» չի գտնվել. դիտարկելով արտաքին պետական պարտքը՝ անտեսել է ներքին պարտքը, որը վերջին տարիներին բավականին արագ տեմպերով աճում է։ Ներքին պարտքը, ինչպես արտաքինը, մեծ գումարներ է խլում պետական բյուջեից սպասարկման՝ տոկոսավճարների համար։ Այսինքն՝ ընդհանուր պետական պարտքի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար միայն արտաքին պարտքը դիտարկելը սխալ է։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, ըստ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 6.934 մլրդ ԱՄՆ դոլար։ Սա ներառում է ինչպես մեր երկրի արտաքին պարտքը, այնպես էլ՝ ներքին։ Մասնավորապես արտաքին պետական պարտքը կազմել է 5.456 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 1.478 մլրդ դոլար։

Տարվա սկզբի համեմատ արտաքին պարտքը կրճատվել է մոտ 77 մլն դոլարով կամ 1.4 %-ով։ Իսկ ներքին պարտքն ավելացել է մոտ 88 մլն դոլարով կամ 6.3 %-ով։ Արդյունքում, տարեսկզբի համեմատ (31.12.2018թ. դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 11 մլն դոլարով կամ 0.2 %-ով։

Հիմա դիտարկենք ցուցանիշները կառավարության ներկայացրած ժամանակահատվածից սկսած՝ 2015 թվականից։ Ներկայացված ինֆոգրաֆիկայում կապույտ գծով Հայաստանի արտաքին պետական պարտքն է, դեղինով՝ ներքին պետական պարտքը, իսկ մոխրագույնով՝ ընդհանուր պարտքը։ Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, վերջին տարիներին թե՛ ներքին, թե՛ արտաքին պետական պարտքը էականորեն աճել են։

Կառավարությունը իր հաղորդագրության մեջ համեմատում է վերջին 15 ամիսները՝ 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի հունիսը, որով ցանկանում է ցույց տալ, թե նոր իշխանությունների օրոք ինչ դինամիկա է գրանցել պետական պարտքը։

Այսպիսով, արտաքին պետական պարտքը վերջին 15 ամիսների ընթացքում նվազել է 118.6 մլն դոլարով (կամ մոտ 120 մլն դոլարով) կամ 2.1%-ով։ Սրանք այն ցուցանիշներն են, որոնք նշել է կառավարությունը։ Սակայն, միևնույն ժամանակ ներքին պետական պարտքն այս ընթացքում աճել է 165.5 մլն դոլարով կամ 12.6%-ով։ Արդյունքում, ընդհանուր պետական պարտքը աճել է մոտ 47 մլն դոլարով կամ 0.7%-ով։

Քանի որ պետական պարտքի մասով մեծ է նաև փոխարժեքի տատանումների ռիսկը, դիտարկենք ցուցանիշները նաև դրամային արտահայտությամբ։ 2019 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 3.308 տրլն դրամ, որից 2.603 տրլն դրամը արտաքին պարտքն է, իսկ 705 մլրդ դրամը՝ ներքին։ 2018 թվականի մարտի համեմատ արտաքին պարտքը կրճատվել է 73 մլրդ դրամով կամ 2.7%-ով։ Իսկ ներքին պարտքն աճել է 75.1 մլրդ դրամով կամ 11.9%-ով։

 

x